Կիրակնօրյա

May 10, 2010 11:37


Նախ հասցրեցի մի քանի կիսատ-պռատ գործ վերջացնել։

Հետո թեյեցինք «Ժառանգում»։

Հետո գնացինք կինո. «Արարատից Սիոն»։ Ճանապարհին ահագին ծանոթ մարդիկ տեսանք՝ հիմնականում էլի «Ժառանգի» հետ կապ ունեցող :))

* * *

Կինոյի մասին. ոգևորող էր։ Ոգեշնչող էր։ Ինչպես գրել էին տոմսի հետ տրվող թռուցիկում՝ ուղղված էր «փոքր ազգի բարդույթից» ազատելու։ Դահլիճը գրեթե լիքն էր։

Ինչը դուրս չեկավ.
  • Խաղատան գովազդը կինոն սկսելուց առաջ։ Հոգևորի մասին բարբառող կինոնկարը ինչքանո՞վ է ճիշտ նախադրել կազինոյի գովազդով։
  • Եւս մեկ գովազդ, այս անգամ Թուրքիա ուղևորություններ կազմակերպող գործակալության։ Ընդ որում ամբողջ հոլովակում «Թուրքիա» բառը չհիշատակվեց, փոխարենը՝ Արևմտյան Հայաստան, էլ չասեմ «իմանանք մեր ակունքները»։ Իհարկե, սիրուն բառեր են, բայց էությունը չի փոխվում։ Էությունը Թուրքիայում հանգիստն է, թուրքերին փող թողելն է։ Մի խոսքով, երեսպաշտություն։
  • Կինոնկարի վերաբերյալ... Կարծես անավարտ էր։ Համակարգված էլ չէր։ Եթե խոսքը գնում է քրիստոնեական կարևորագույն օջախներում հայերի ներկայության մասին, ապա արժեր նաև անդրադառնալ փոքրասիական կենտրոններին՝ Եդեսիային, Կիլիկիային և այլն... Թե չէ Պաղեստին... Եգիպտոս... ու մեկ էլ միանգամից թռիչք Արարատ։
  • Մեկ էլ կարծում եմ, որ ֆիլմի բովանդակությանն ավելի կհամապատասխաներ «Սիոնից Արարատ» վերնագիրը։

Բայց ընդհանուր առմամբ արժե նայել այս կինոնկարը։ Անպայման։

Հ.Գ. Մի բան էլ հիշեցի տհաճ. կինոնկարի ու «Վեմ» ռադիոյի մասին պատմող թռուցիկի հետ զուգահեռ տվեցին նաև «Այբ» հիմնադրամի գովազդային թերթիկը։ Նախասրահում էլ՝ կինոնկարին վերաբերող լուսանկարների ցուցահանդեսում կպցված էին «Այբ»-ի գովազդային պաստառները... Հա, փաստորեն էլի Տիգրան Սարգսյան, էլի «Հայկական աշխարհ»։

Հ.Հ.Գ. Որ նայեք այս գրառման պիտակներին ինքներդ էլ կհասկանաք, թե ինչ շիզոֆրենիայի հետ գործ ունենք... :)

Ընկերանալ Ֆշտուկ


ժառանգ, կինո, իսրայել, կրթություն, քրիստոնեություն, նեոքոչվորներ, հայք, հայաստանի առեւտրական հանրապետություն, հայեր, պատմություն

Previous post Next post
Up