Ամերիկահայ մի ծանոթ ունեմ, ասում է. «Փոլիթիշընները գրեթե պոռնիկի պես են, պետք է փող տաս։ Եթե չտաս, սկսում են քեզ նեղել։ Դա է իրենց ու պոռնիկի տարբերությունը։ Պոռնիկի մոտ դու ես գնում, փոլիթիշնը ինքն է գալիս ու փող պահանջում... Դրանք բոլորն էլ գին ունեն։ Գնացուցակները գիտեմ բոլորի։ Որ կոնգրեսմենը գա բառմիցվայի ու կես ժամ հյուրերի հետ լուսանկարվի՝ $10000, իսկ սենատորը՝ $20000։ Եթե շատ հայտնի է, վարձն ավելի շատ է»։
Բայց, իհարկե, այդքան էլ պարզ չէ ամենն, ինչպես ծանոթս էր պատմում։ Եթե դու Ախմադինեժադի ջատագովն ես, $50000 էլ տաս, չեն գա (բայց մի $100000-ով գուցե և գան)։
2003 թվականի ապրիլին ներկա էի Նյու-Յորքի Թայմս Սքվերում ավանդաբար անցկացվող հայկական ցույցին։ Ելույթ էին ունենում զանազան «տրամաչափերի» քաղաքական գործիչներ։ Մի երիտասարդ կին կար, ազգանունը՝ Կաց։ Բացեիբաց, առանց վայրկյան իսկ տարակուսելու՝ ասաց. «Հայերի ցեղասպանությունը չէինք ճանաչում, որովհետև Թուրքիան մեզ պետք էր որպես ռազմական դաշնակից։ Բայց Իրաք ներխուժելուց մեզ չթողեցին իրենց տարածքից օգտվել։ Էլ խոչընդոտ չեմ տեսնում հայերի ցեղասպանության մասին բանաձև չընդունելու, ո՞ւմ է պետք իրենց պես դաշնակիցը»։ Հայերը ոգևորված ծափահարեցին՝ սա լսելով։ Իսկ ես այդպիսի անթաքույց ցինիզմից ուղղակի սառել էի...
* * *
Մեր բոլոր խնդիրները լուծելու շատ ուղիղ ձև կա։ Բայց արդեն սովորել ենք կեղծ ապահովությանն ու կայունությանը։ Իրականում, ոչ մի բան էլ չենք ուզում փոխել։ «Սենց էլ մնա, լավ ա» - սա է ներկայիս հայության նշանաբանը։
ԸնկերանալՑեղասպանություն Ֆշտուկ