Հարցազրույց «Երևակ-Լուր» կայքին

Mar 01, 2010 13:29

Վերջին օրերի տեղեկատվական «պայքարի» ծայրահեղությունների թեմայով հարցազրույց տվեցի Երևակ-Լուր կայքին։ Ամենալավ քարոզչությունն աննկատ քարոզչությունն է

Փետրվարն ավանդաբար հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի սրման ժամանակաշրջան է։ Ի՞նչ կասեք այս տարվա իրադարձությունների մասին։

Այս տարին էլ բացառություն չէ։ Վերջին օրերին թե´ ԶԼՄ-ներում, թե´ համացանցային ֆորումներում ու բլոգերում, զանազան սոցիալական ցանցերում դիմակայությունը թեժացել է։

Պատկերը հետևյալն է. շատ հայեր՝ խիստ վրդովվելով տեղեկատվական դաշտում ադրբեջանական կողմի սադրանքներից, փորձում են արդարանալ, «աշխարհին» ինչ-որ բաներ բացատրել։ Այսպիսով քննարկման առարկա են դառնում այն թեմաները, որ ադրբեջանցիներն են «մատակարարել»։ Դրանով իսկ փաստորեն օժանդակում են ադրբեջանական քարոզչական թեզերի տարածմանը։ Ադրբեջանցիների նպատակն է հնարավորին չափ մեծ լսարանի հասցնել իրենց ուղերձները։ Խաղալով մարդկային բնական ռեակցիաների վրա՝ հաջողությամբ այդ գործին են լծում նաև իրենց հակառակորդներին՝ հայերին։

Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի պատասխանը այս դեպքերում։ Արդյո՞ք առաջարկում եք լռել և ոչ մի բան չանել։

Ասում են. «Լռությունը ոսկի է»։ Սակայն ասածվածքներին կուրորեն հետևելը միշտ չէ, որ նպատակահարմար է։ Հարցը հետևյալն է. ե՞րբ է ավելի ճիշտ լռել, իսկ ե՞րբ է անհրաժեշտ անհամաձայնություն բարձրաձայնել և ինչպե՞ս է դա պետք անել։

Իրադարձություններից քիչ թե շատ տեղյակ լսարանի հետ աշխատելիս ադրբեջանցիների մեղադրանքներն անպատասխան թողնելը սխալ է։ Սա այն դեպքն է, երբ պետք է անհիմն մեղադրանքներին հակադարձել՝ փաստերով, ապացույցներով, կշռադատված փաստարկներով։

Պետք է նաև հասկանալ, որ երկու կողմից էլ անմեղ զոհեր են եղել և հիմարություն է դա չընդունելը։ Ավելին՝ ակնհայտ փաստերը ժխտելը բերում է մեր ընդհանուր դիրքի թուլացմանը։

Մյուս կողմից, անիմաստ ու վնասակար է հակառակորդի մեղադրանքները՝ թեկուզ և հերքելու նպատակով տարածել այնպիսի լսարաններում, որոնք մինչ այդ ուղղակի անտեղյակ էին դրանցից։

Ի՞նչ փոփոխություններ են նկատվում Ադրբեջանի հակահայկական քարոզչության գործելաոճում

Որակական փոփոխությունները շատ չեն, բայց ծավալն աճում է։ Նաև սկսել են հայկական լսարանի վրա ուշադրություն դարձնել։ Վերջերս լիամետրաժ «վավերագրական» կինոնկար են նկարահանել, անթերի հայերենով։

Ինչպե՞ս կարող է հայկական կողմը պատասխանել հայկական լսարանին ուղղված քարոզչությանը

Անկախ ադրբեջանցիների քարոզչությունից մենք նախևառաջ պետք է կրթենք մեր հանրությունը։ ՀՀ ցանկացած քաղաքացի պիտի գոնե բազային մակարդակով տեղյակ լինի մեր երկրի ու մեր ժողովրդի գոնե վերջին 200 տարվա պատմությանը։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել արցախյան շարժման ու ազատագրման պատերազմի պատմությանը։ Նաև ցանկացած հայ պիտի իմանա առնվազն Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության իրական սահմանները։ Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում հայկական հինգ հեռուստաընկերություններ վերջապես սկսեցին հեռարձակել իրական սահմանները պատկերող քարտեզներ։ Դրանք են ԱԼՄ, ՀայTV, ԿենտրոնTV, Դար21, TV5 ալիքները։ Հուսանք, որ մնացած հեռուստաընկերություններն էլ կհետևեն իրենց օրինակին։

Այսպիսով, Հայաստանում ադրբեջանական քարոզչությանը հակազդելու միակ ճանապարհը դա հասարակությունը կրթելն է։

Իսկ ինչ կասեք երկրորդ՝ հայ-թուրքական ճակատի մասին։ Ի՞նչ եք կարծում բավարար է արդյոք Սփյուռքի ռեսուրսը Թուրքիայի հետ ընթացող տեղեկատվական պայքարում։

ԽՍՀՄ շրջանում Սփյուռքը կարծես թե լրիվ միայնակ էր այդ պայքարում։ Սակայն ժամանակները փոխվել են և թուրքական կողմը վերջին 10-15 տարվա ընթացքում լավ առաջընթաց է ապահովել այս ոլորտում։ Հարյուրավոր մասնագետներ են պատրաստել Արևմուտքի լավագույն ԲՈՒՀ-երում։ Եթե առաջ աշխարհի ցանկացած գիտակրթական հաստատությունում հնարավոր էր հայեր հանդիպել, իսկ թուրքեր գրեթե չկային, ապա այսօր թուրքերը նույնպես ամենուրեք ներկայացված են և հայերից պակաս կրթված չեն։

Նաև պետք է հաշվի առնել այն փաստը, որ արևմտյան հաստատություններում աշխատող հայազգի մասնագետները գտնվում են տվյալ երկրի քաղաքական զանազան հոսանքների և ուժերի ազդեցության տակ և առաջին հերթին աշխատում են ի շահ այլ ազգերի և երկրների՝ երբեմն նույնիսկ ի վնաս հայ ազգային շահերի։

Մյուս կողմից, Հայաստանի կրթական և ընդհանրապես ակադեմիական հաստատություններն այնպիսի խղճուկ վիճակում են, որ դժվար թե մոտ ժամանակներս ի վիճակի լինեն մեծ քանակով մրցունակ մասնագետներ բեմ հանել։ Խոսքս պատմագիտության, միջազգային հարաբերությունների և իրավունքի և այլ կարևոր հասարակագիտական ոլորտների մասին է։

Ըստ իս այս հարցում վիճակն անմխիթարական է և անմիջապես ուշադրություն է պահանջում։

Ձեր կոչը տեղեկատվական ոլորտի պատասխանատու հայ իշխանավորներին

Կոչեր չեմ սիրում։ Բավական աշխատանք տարվում է։ Կան և´ հաջողություններ, և´ անհաջողություններ։ Ցանկալի է, որ հայկական կողմի գործողություններն այս դաշտում ընդհանրապես չերևան, քանի որ ամենալավ քարոզչությունն աննկատ քարոզչությունն է։

Զրույցը վարեց՝ Զոհրապ Եգանյան

ԸնկերանալՌանչպարների կանչը Ֆշտուկ


հայ-ադրբեջանական հակամարտություն, տեղեկատվական քաղաքականություն, քարոզչություն

Previous post Next post
Up