Անասնապատում № եսիմ որ

Jun 18, 2009 15:08

Շաբաթ օրը դասախոսության էի Common Ground-ում. «Ծիրանի» ՀԿ կազմակերպած «Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումները»։ Կարդում էր Պավել Ավետիսյանը՝ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի տնօրենը։

Շատ հետաքրքիր բաներ պատմեց պեղումներից։ Համոզված եմ, որ ոչ ոքիդ համար նորություն չէ, որ Հայկական Լեռնաշխարհի՝ այդ թվում և ՀՀ ու ԼՂՀ տարածքի գրեթե ամեն մետրի տակ պատմամշակութային արժեքներ կան՝ քանի որ նախնադարից ի վեր այս տարածաշրջանը միշտ էլ շատ աշխույժ տեղ է եղել։

Ու նաև պատմեց այդ պատմամշակութային արժեքների ներկա վիճակի, դրանց նկատմամբ տեղացիների վերաբերմունքի մասին։ Շատ չմանրանամ, ուղղակի մի օրինակ բերեմ։

* * *

Մի քանի տարվա պատմություն է։ Ավետիսյանը հրաժարվեց անուններ տալ, այնպես որ ինչ լսել եմ, այդ եմ պատմում։

Ոմն ձեռներեցին պատկանող հողատարածքում կար եզակի մի հուշարձան, որի կառուցման ժամանակը շաաատ մոտավոր կերպով որոշում են մ.թ.ա. 6000-8000 թթ. Պատկերացնում եք, չէ՞, ութից տաս հազարամյակ առաջ ստեղծվել է մի հուշարձան։ Սա նույնիսկ համաշխարհային ստանդարտներով շատ հազվագյուտ մի բան է, իսկ մեր տարածաշրջանում ուղղակի եզակի երևույթ է։ Համեմատության համար ասեմ, որ աշխարհահռչակ Սթոունհենջը ամենահամարձակ հաշվարկներով կառուցվել է ոչ ավելի վաղ քան մ.թ.ա. 3100 թ.։

Բայց ձեռներեցին նման հիմար բաներ, իհարկե, չեն հետաքրքրում. նա նպատակ ունի այդ տարածքում քարի հանք աշխատացնել։ Գիտնականները գնում են սրա մոտ։ Խնդրում, աղաչում, միաժամանակ պետության հետ փորձում են համաձայնեցնել, որ տարածքի այդ մի կտորի փոխարեն իրեն փոխհատուցում տրվի՝ դրամական, կամ էլ ուրիշ համարժեք տարածք։ Պետությունն, ի դեպ, լուրջ է վերաբերվում այս ամեն ինչին, բայց դե գիտեք, մեր մոտ ոչ մի բան արագ չի արվում։ Իսկ ձեռներեցի ձեռքերը քոր են գալիս։ Համ էլ անգհանգիստ է. ի՞նչ գիտի գլխին ինչ կբերեն այս նենգամիտ գիտնականները։ Մի օր գալիս են հերթական բանակցությունների՝ տեսնում են ոչ մի բան չի մնացել հուշարձանից՝ ամեն ինչ կոխել ա բուլդոզերի տակ։ Разрубил, понимаешь, гордиев узел.

* * *

Ավետիսյանի տվյալներով Հայաստանում տարեկան մոտ տասը նախնադարյան հուշարձաններ են ոչնչացվում՝ դամբարաններ, շինություններ...

Ու տենց © another-g

մշակույթ, հայաստանի առեւտրական հանրապետություն, պատմություն, անասնապատում

Previous post Next post
Up