«Երկիր» թերթում մի
հոդված է տպվել մեր երեկոյան դպրոցի մասին.
Ուսանողները մեղավոր չեն
«Այսօր մեր երիտասարդների մեծ մասը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջը, տեղյակ չէ տարվող քաղաքականությունից, ռազմավարությունից, տեղյակ չէ նույնիսկ նորագույն պատմությունից, օրինակ` Արցախյան ազատամարտի վերաբերյալ ինչ-որ կցկտուր, լոզունգների մակարդակով բաներ գիտեն»,- ասաց «Հայաստանը եւ տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային եւ երեկոյան դպրոցների կազմակերպիչ, տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի եւ «Հենակետ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված երեկոյան դպրոց ընդունվելու համար դիմել է վաթսունից ավելի մարդ` 21 տեղի համար: Դիմորդների ընտրությունը եղել է հարցազրույցների միջոցով, որոնց ժամանակ նույնիսկ «հայտնագործություններ» են արվել. օրինակ` ասել են, թե Սյունիքի մարզը սահմանակից է Վրաստանին, Կիլիկիան գտնվում է Մեռյալ ծովի ափին եւ այլն:
Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ էլ հանճարեղ տարբերակներ են առաջարկվել. «Ես կարծիք լսեցի, որ պետք է սպասել մինչեւ կռված սերունդը ծերանա, մահանա, կորցնի իր ուժը, դրանից հետո կարելի է Արցախը հանգիստ հանձնել: Լրիվ լուրջ էր ասում, ու ասողն էլ պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ էր` շատ ժրաջան, եռանդուն երիտասարդ»,- ասաց Կ. Վրթանեսյանը:
Ընդհանուր առմամբ` ԼՂ կոնֆլիկտի լուծման վերաբերյալ հնչած տարբերակներն ինչ-որ աբստրակտ գաղափարներ են եղել. «Նրանց այդ տարբերակները ցույց էին տալիս, որ տեղյակ չէին նույնիսկ Արցախի աշխարհագրությունից, չգիտեին` այնտեղ ինչ շրջաններ կան, որ շրջանը ռազմավարական ինչ նշանակություն ունի, որտեղ ինչ դիրքեր, ճանապարհներ կան: Ավելին` շատերը մեզ մոտ էին առաջին անգամ քարտեզը տեսնում: Գալիս ու զարմանքով սկսում էին քարտեզն ուսումնասիրել: Աբսուրդ է, բայց իրականություն»:
Եթե մինչ այդ ընդամենը տպավորություն էր ստեղծվել, ապա դրանից հետո հաստատվեց, որ ուսանողների պատրաստվածության մակարդակը բավականին ցածր է:
Եվ այս դեպքում մեղքը բոլորովին էլ նրանցը չէ: Կ. Վրթանեսյանը նշեց, որ դիմորդների մեծ մասն ակտիվ, խելացի, ուսման ծարավ երիտասարդներ են եղել. «Մարդ կար, որ Եվրամիության սահմանադրությունը գիտեր: Բայց քաղաքագետ լինելով, ու՞մ է պետք Եվրամիության սահմանադրության իմացությունը, եթե չգիտի, թե Հայաստանը ինչ երկրներով է շրջապատված, որ երկիրն ինչ կրոն է դավանում...»:
Դիմորդների մի մասը խիստ ռոմանտիկ պատկերացումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների, արեւմտյան երկրների քաղաքականության վերաբերյալ: Ըստ նրանց պատկերացումների` իբր դրանք գործում են զուտ մարդասիրական սկզբունքներով, այնինչ` ցանկացած երկիր եւ կազմակերպություն նախեւառաջ իր կամ իր տերերի շահերն է հետապնդում:
Սա հետեւանք է այն բանի, որ այսօր շատ երիտասարդներ մասնակցում են միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարների, հանդիպումներ են լինում ադրբեջանցի, թուրք երիտասարդների հետ, եւ այդ հավաքների ժամանակ նրանց բացատրում են, թե ադրբեջանցին էլ, թուրքն էլ մեզ պես մարդ է, ու թե պետական քաղաքականությունն անմիջականորեն կախված է անհատական շփումներից:
Իհարկե, ոչ ոք չի հերքում, որ թուրքն էլ մարդ է, բայց անհրաժեշտ է պետական շահերն ու անհատական շփումները տարբերակել. «Ես համոզված եմ, որ Թուրքիայում լավ անհատներ կան, բայց դա չի փոխում Թուրքիայի քաղաքականությունը ոչ Հունաստանի, ոչ Հայաստանի հանդեպ»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ Կարինե Հունանյանը երեկոյան դպրոցի շրջանավարտներից է. «Ես տարաբնույթ ինֆորմացիա ստացա դպրոցում: Հասկացա Ղարաբաղի իրական նշանակությունը: Հայացա»: Հարցին, թե արդյոք նորմա՞լ է, որ այդ ամենը բուհն ավարտելու շեմին է իմանում, պատասխանեց. «Լավ կլիներ, որ ավելի շուտ իմանայի: Ինձ ոչ ոք չի ասել, որ պետք է իմանամ: Պետք է ասեին դպրոցում, հետո` համալսարանում»:
Երեկոյան դպրոցի դասընթացներին մասնակցելու համար ընտրվել են այն երիտասարդները, ովքեր ունեն առողջ դատողություն ու մտածելակերպ, գիտելիքների որոշակի պաշար եւ հասարակական ակտիվ կյանքով են ապրում: Իսկ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով վերոնշյալ ցավալի հանգամանքները, գիտելիքներն այնքան էլ մեծ դեր չեն խաղացել դպրոց ընդունվելու համար:
Դպրոցում դասախոսությունները կառուցվում են միայնումիայն փաստերի հիման վրա. «Ես անձամբ չեմ ուզում իմ կարծիքը բոլորի վզին փաթեթել: Երբ, օրինակ, ինձ ասում են, որ տնտեսական համագործակցությունը բերում է բոլոր կոնֆլիկտների լուծման, ես օրինակներ եմ բերում, որ ոչ միշտ է դա այդպես: Ուսանողն ինքը կարող է իր դատողությունները կառուցել, հասկանալ փաստերի կշիռը:
Պետք է բոլոր փաստերը բերել եւ գործիքներ տալ` դրանք ընկալելու եւ հասկանալու համար»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:
Հիմնականում դպրոց դիմում են հասարակագիտական ոլորտի ուսանողները` Երեւանի պետական համալսարանից եւ Ռուս-հայկական սլավոնական համալսարանից, ավելի քիչ` այլ բուհերից:
Կ. Վրթանեսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, չհաշված վերոնշյալ խայտառակ օրինակները, ԵՊՀ ուսանողների գիտելիքների բազան ավելի ծանրակշիռ է: Դիմորդներ են եղել նաեւ մասնավոր բուհերից. «Ցավոք, մասնավոր բուհի նորմալ ուսանող ես չտեսա, թեեւ շատ կուզենայի տեսնել: Նախ` շատ քիչ էին դիմորդները, բայց ով էլ դիմել էր, թույլ էր»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ