Հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Jul 24, 2008 10:07

Վերջին օրերին ընդդիմադիր մամուլը շատ է քննադատում բլոգերներին։ Դե հիմա տեսնեմ իրենց «պրոֆեսիոնալ» անվանող լրագրողները ինչի են ընդունակ... Ամեն ինչ պատրաստ-ծամված տալիս եմ, արդյո՞ք կհանդգնեն թեման շարունակել իրենց թերթերում։ Տեքստի հեղինակն է Վահրամ Միրաքյանը։ Ընթերցողներին խնդրում եմ ուղարկել այս տեքստը ՀՀ ու Արցախի բոլոր ծանոթ լրագրողներին։

Տագնապալի լուրեր Ջավախքից

Ս. թ. հուլիսի 17-ից սկսած Ջավախքում՝ Վրաստանի իշխանությունների կողմից իրագործվում են հակահայկական գործողություններ. տեղի են ունենում հայ ակտիվիստների զանգվածային ձեռբակալություններ, փակվել է միակ հայալեզու ռադիոկայանը, կան զոհեր։ Սակայն այս հայաբնակ, Հայաստանին անմիջականորեն սահմանակցող ու ՀՀ համար անգնահատելի ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում տեղի ունեցող իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվում ՀՀ զանգվածային լրատվության միջոցների կողմից, ինչը, մեղմ ասած, անբացատրելի է և անթույլատրելի է։

ՄԱՆՐԱՄԱՍՆ

Վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում իրականացվում են մի հակահայկական գործողություններ, որոնց ընթացքում զոհվել են ազգությամբ հայ երկու ոստիկան և բազմաթիվ ջավախքցիներ են ձեռբակալվել, այդ թվում` Ջավախքի միակ հայկական ռադիոկայանի տնօրեն` Էդուարդ Ալվրցյանը և ռադիոկայանի այլ աշխատողներ, «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինքի ղեկավար` Վահագն Չախալյանը, և այլն:

Ի տարբերություն հայկական ԶԼՄ-ների, վրացական լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձնում Ջավախքի իրադարձություններին՝ բնականաբար լուսաբանելով իրադարձությունները համապատասխան իրենց շահերի:

Ստորև ներկայացնում ենք համառոտ տեղեկատվություն վերջին դեպքերի հետ կապված:

2008 թվականի հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի ունեցավ պայթյուն, որի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ահաբեկչության կազմակերպիչներն անհայտ են, այնուամենայնիվ պայթյունից անմիջապես հետո, վրացական ուժային կառույցները սկսեցին հետապնդումներ ընդդեմ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամների։

Շարժման տասնյակ անդամներ ձերբակալվեցին, նրանց տները ենթարկվեցին խուզարկության, ոստիկանության աշխատակիցները ջարդելով մուտքի և գրասենյակի դռները մի քանի անգամ ներխուժեցին Դաշինքին պատկանող ռադիոյի շենքը, կազմակերպության գրասենյակը, «խուզարկության» ընթացքում զգալի վնաս պատճառեցին կազմակերպության գույքին։

Միաժամանակ Վրաստանի ոստիկանության զինված աշխատակիցները ներխուժեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստ, «Ջավախքի սկաուտական շարժման» պատասխանատու Գուրգեն Շիրինյանի տուն՝ խուզարկություն անցկացնելու պատրվակով։ Ընդ որում խուզարկությունը իրագործվել է առանց համապատասխան իրավունքի։ Խուզարկության ընթացքում Շիրինյանը դիմեց փախուստի, այդ ընթացքում առեղծվածային հանգամանքներում սպանվեց ազգությամբ հայ ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ Բարալեթ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Բերուջանյանը։
Այդ իրադարձությունների ևս մեկ վկա՝ մեկ այլ տեղացի հայ ոստիկան՝ Արմեն Գաբրիելյանը հուլիսի 20-ին խորհրդավոր հանգամանքներում «ինքնասպանություն գործեց»։ Սակայն ըստ առկա տեղեկատվության և ականատեսների վկայության, դեպքը տեղի է ունեցել Ախալքալաք քաղաքի մոտ գտնվող, դեպի Խոսպիո գյուղ տանող կամրջի կողքին գտնվող լքված շինությունում՝ վրացի հատուկ ջոկատայինների ներկայությամբ։

Իսկ հուլիսի 20-21 գիշերը, ժամը 4-ի սահմաններում, վրացական հատուկ ջոկատայինները և տեղի ոստիկանական ուժերը ներխուժել են «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինքի ղեկավար Վահագն Չախալյանի տուն, կալանավորել են նրան և նրա ընտանիքի անդամներին. եղբորը՝ Արմեն Չախալյանին, հորը՝ Ռուբեն Չախալյանին և մորը՝ Գայանե Չախալյանին։ Ներխուժումը զուգորդվել է տան դռների և պատուհանների ջարդումով։ Առանց ընթերակաների ներկայության, ներխուժողները իրականացրել են տան խուզարկությունը և իբրև թե այնտեղ «հայտնաբերել են» զինամթերք։ Ընդ որում, հարևանների վկայությամբ, նշված զենքը վրացական հատուկ ջոկատայինները բացահայտ կերպով, առանց թաքցնելու բերել են իրենց հետ, որպեսզի դրա մեջ մեղադրեն Վահագն Չախալյանին։

Նույն գիշեր, վրացական հատուկ ջոկատայինները և տեղի ոստիկանները խուզարկություն են իրականացրել «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինքի գրասենյակում։ Խուզարկության ընթացքում այնտեղ նույնպես «հայտնաբերվել է» զինամթերք։ Ընդ որում, ընդամենը երկու օր առաջ, հուլիսի 17-ին, «Միասնական Ջավախքի» գրասենյակում արդեն իսկ իրականացվել էր խուզարկություն և այնտեղ ոչինչ չէր հայտնաբերվել։

Հուլիսի 23-ին ջավախքցիները հանդես եկան հայտարարությամբ, որ եթե չազատվեն ապօրինի կալանավորվածները, ապա տեղի կունենան բողոքի ցույցեր:

Լրացուցիչ մանրամասնությունները՝ OpenArmenia-ում ու Արին-Բերդի մոտ.

վրաստան, հայք, հայեր, ջավախք

Previous post Next post
Up