Սերյոգը գրում է, որ
Սերժ Սարգսյանը խոստացել էր նախագահության 100 օրը լրանալուց հետո պատասխանել հասարակայնության հարցերին։ Չեմ իմացել այդ խոստումի մասին, բայց եթե հիշում եք, մարտ ամսին Կենդանի Մատյանում ահագին հարցեր էին հավաքել ՀՀ նախագահին տալու համար, թեպետ հարցերի մի մասը այդպես էլ մնաց անպատասխան։ Իմ կարծիքով, ի սկզբանե չարժեր բոլոր հարցերին պատասխանել, որովհետև լրիվ տխմարություններ էլ կային, ափսոս էր այդ ժամանակը։ Ինչևէ, այնժամ ես այդպես էլ հարցեր չտվեցի, որովհետև... չէ, «որովհետև» չգիտեմ։ Երևի այն պատճառով, որ դեռ վաղ էր լուրջ պատասխաններ ակնկալելու, ոչ էլ առանձնապես հույս ունեի, որ պատասխան կստանամ իսկապես սուր ու տհաճ հարցերին (խոսքս մանկամիտ «ինչ գույնի գիրք եք կարդում» էշությունների մասին չէ, այլ իսկապես կարևոր հարցերի)։
Հիմա՝ վերջին երեք ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններից հետո իմ մոտ արդեն հարցեր կան։ Լուրջ հարցեր։ Հույս ունեմ, որ նախագահականում կհիշեն
Սերժ Սարգսյանի բլոգի մասին ու մի գուցե կանդրադառնան իմ հարցերին։
Դեռ կմտածեմ եմ ձևակերպումների վրա, բայց ամենից շատ ինձ հուզում են.
1. Արցախի ազատագրված տարածքի ու անընդհատ ակնարկվող տարածքային զիջումների հարցը։
2. Հայ-թուրքական հարաբերությունների, այդ թվում և Գյուլին ՀՀ հրավիրելու իմ կարծիքով շատ վնասակար քայլը։
3. Պետական կառույցների տեղեկատվական պաշտպանվածության հարցերը։ (Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կայքը երեկվա դրությամբ դեռ վնասազերծված չէր։)
4. Ի՞նչ քայլեր են արվում ՀՀ իշխանությունների կողմից՝ թուլացնելու համար Միջազգային Արտարժույթային Հիմնադրամի (IMF), Համաշխարհային Բանկի (World Bank) ու նմանատիպ այլ կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության ու ներքին քաղաքականության վրա։
Եթե ավելի հաջող, հետաքրքիր ու ամենագլխավորը՝ ԿԱՐԵՒՈՐ հարցեր ունեք՝ մեկնաբանություններում ավելացրեք։