Պետք է, պետք է, պետք է...

Mar 31, 2007 20:23

Ի պատասխան hackstuffայս մեկնաբանության եւ ընդհանրապես հնի ու նորի պայքարի վերաբերյալ նախորդ բուռն քննարկման։

hackstuff-ը գրում է.... ազգի թշնամիներին հարկավոր է մեդիա-բեմից հեռացնել և սկսել ազգային երաժշտության, արվեստի ու բանահյուսության պրոպագանդայով զբաղվել: Ի դեպ, Հայ Առաքելական Եկեղեցին այս հարցում պիտի խոշոր դեր խաղա: Մի խոսքով՝ մարդկանց քաոսային շարժմանը հարկավոր է ազգօգուտ ուղղություն տալ, վարել հայամետ քաղաքականություն:

Պետք է... հարկավոր է... պետք է... Տեսականորեն լավ է հնչում, բայց իրականությունը զարգանում է լրիվ այլ սցենարով, ինչ «պետք է արվեր»՝ այդպես էլ չի արվում։ Հնի ու նորի պայքարի ողջ պատմական փորձը ցույց է տալիս, որ «запретить, не пущать»-ը ոչ միայն չի խափանում նոր շարժերը (անկախ այն բանից դրական, թե բացասական են դրանք), այլ ընդհակառակը՝ խթանում է հնի քայքայումը։

Ներկա հասունացող սերնդի հոգևոր կերկուրը hամացանցն է: Դա հզոր զենք է, որը կարող է նշանակալի ազդեցություն թողնել նրանց վրա:

Ցավոք (եւ միաժամանակ՝ բարեբախտաբար) համացանցը չէ. տեղեկատվության տարածման միջավայրերից ամենահազդեցիկը հեռուստատեսությունն է։ Բացի այդ համացանցն էլ երբեք չի դառնա ապահով միջավայր ավանդույթները պաշտպանելու համար, ընդհակառակը շատ ավելի ագրեսիվ միջավայր է, ուր օտար ու էքսպանսիոնիստ մշակույթի հետ շփումը անմիջական է, այլ ոչ թե միջնորդների միջոցով, ինչպես հեռուստատեսության դեպքում։

Եթե ես, Դուք և հարյուրավոր ազգասեր մարդիկ, կարողանանք այդ զենքը հմտորեն օգտագործածել, համոզված եմ, որ հազարվոր երիտասարդներ կշեղվեն իրենց անիրավ ճանապարհից:
Ութ տարի է համացանցի հայկական սեգմենտում եմ «ապրում»։ Հավատացեք, սա շատ փոքր, բավականին սահմանափակ մի համայնք է, ուր նոր դեմքեր հազվագյուտ են հայտնվում։

Այո, համացանցը իսկապես զենք է, միաժամանակ նաեւ մարտադաշտ։ Բայց «պատերազմը» մի զենքով ու մի մարտադաշտում չէ վարվում։

Ամենահզոր զենքը գաղափարն է։ Գաղափար/նպատակ չունենալը բերում է այն բանի, որ այսօր փորձում ենք միայն պաշտպանվել օտարածին կեղծ գաղափարներից, որոնց քողի տակ մեզ փորձում են շահագործել։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ պարտվելու ենք։ Հաղթելու համար անհրաժեշտ է ունենալ նոր, ժամանակակից իրականության մարտահրավերներին համապատասխան գաղափար։ Այն պետք է ներառի ինչպես հինը (օրինակ՝ մշակութային ժառանգությունը), այնպես էլ շարժման ուղղությունը, քանի որ տեղում կանգնելը հավասարազոր է կործանման։

Ուղղության բացակայությունն է մեր ամենամեծ բացթողումը։

Նման ենք մի զորքի, որ տեղում նստած, ո´չ նահանջում է, ո´չ էլ հարձակվում, իր ողջ էներգիան ծախսում է թշնամու անընդհատ հարձակումները հետ մղելու վրա, աստիճանաբար սպառելով պաշարները։

հայք, քարոզչություն

Previous post Next post
Up