Բջջային հեռախոսները վաղուց արդեն դարձել են հայ ժողովրդի միակ ու իսկական կիրքը. ի՞նչ հայ առանց երեք հարյուր դոլլարանոց հեռախոսի։ Ծնողական ժողովին ուսուցչուհին բողոքում է, որ երկրորդ դասարանի մի աշակերտուհի հեռախոսով է դասի գալիս, մեկ էլ դասի կեսին մայրն է զանգում, դստերը հարցնում. «Ո՞նց ես, բալա»։
Բարձր դասարաններից մեկն էլ իր համադասարանցիների հետ ծեծկրտուքից հետո զանգում է հորը։ Հիմա բռնվեք, որ չընկնեք. պապան գործերը թողնում է ու անմիջապես գալիս դպրոց! Երեւի թե մենք էինք էշ. դպրոցում երբ կռիվ էինք անում, պուլպուլակի մոտ լվանում էինք արունլվա քիթումռութներս, շորերը թաց ձեռքով մի լավ թափ տալիս ու փորձում այնպես մտնել տուն, որ Աստված մի արասցե տնեցիք մի բան նկատեն։
Ուսմասվարը պատմում է.
«Աղջկանս դասարանը հավաքվել էր, խոսակցության միակ թեման հեռախոսներն էին։ Երեք ժամ ՄԻԱՅՆ հեռախոսներից էին խոսում»։ Չնայած համոզված եմ մի երկու-երեք տարուց թեմաները շատանալու են. «տատու», «փիրսինգ», Փարի Հիլթոն, զահրումար... Բարեբախտաբար մեծն բարերար Կաֆեսջյանի թեւի տակ գտնվող չորս հեռուստաալիքներից երկուսը (ArmeniaTV ու TV5) օր ու գիշեր սպառման գաղափարախոսությունն են քարոզում։ «Հոլիվուդյան վերջին բամբասանքները՝ ամեն օր մեր եթերում» - ականջից ականջ ժպիտով հայտարարում է հաղորդավարը։ Աչքներս լո´ւյս, գնանք մոմ վառենք, տես բախտներս ոնց է բերել։ «Ի՞նչ են հագնում հոլիվուդյան աստղերը»,- էկրաններից հարցնում է մեկ ուրիշը։ «Ո՞վ է հագցնում հոլիվուդյան աստղերին»,- շարունակում է երրորդը։ Մյուս ալիքներն էլ փորձում են հետ չմնալ։
* * *
Սրճարանում հարեւան սեղանի մոտ ուսանողական տարիքի չորս օրիորդներ էին նստած։ Պարզվեց մեկը, թե երկուսը պետական կառավարման համալսարանից են, ևս մեկը՝ մանկավարժականից։ Բջջային հեռախոսների շուրջ ավանդական զրույցը («սենսոռնի չառնես, դրանք լավը չեն», «աղջի, Վարդանի թազա հեռախոսը տեսա՞ր») մի տաս րոպեից փոխվեց ուսանողական թեմաների։ Երկար-բարակ չպատմեմ, ուղղակի մի քանի ռեպլիկ...
- Աղչի, բայց քեզ պետք ա դիսերտացիա պաշտպանել։
- Է, հավես կա՞։
- Թե չէ չգիտենք, էլի, ոնց ա արվում. ղեկավարիդ 4000 տալիս ես, գրում ա, դնում ձեռդ։
- Էդքանը դեռ պտի սովորեմ։
- Ինքը համ էլ կսովորցնի։
Զրույցին միանում է երրորդ ընկերուհին.
- Հիմա օրենք են ընդունել, որ պետական պաշտոններին եղածները պարտադիր պետք ա գիտական կոչում ունենան՝ բաժնի վարիչներ, տեղակալներ։ Դե դու ջոգում ես, չէ, էսա ինչ ա սկսելու՝ սաղ քցվելու են դիսսերտացիա զակազ տան։ Մի ուշացրա, գները թռնելու են։
- Կարող ա էթամ արտասահման պաշտպանվեմ։ Բայց ընդեղ էլ մենակ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում են տալիս։
- Իսկ եթե փիլիսոփա չես, ո՞նց ա լինում։
- Կապ չունի մասնագիտությունդ, ընդեղ սաղին փիլիսոփայական գիտությունների դոկտոր են տալիս, կարգը տենց ա։ Էսա մեր ստանդարտներն էլ են իրանց ստանդարտներին համապատասխան դարձնելու, մեր մոտ էլ ա էտ ձեւ լինելու։
Չեմ կասկածում, որ սրանք հաջողությամբ կավարտեն, կպաշտպանվեն, կընդունվեն աշխատանքի, կկրթեն ու կկառավարեն...
ԱՎԵԼԱՑՈՒՄ. +
մեկ պատմություն էլ
amica-veritas-ից...