Վասն բանկաց ու համըհանոց...

Jan 30, 2015 14:22

Սովորաբար ամեն ամսվա 15-16-ի կողմերն եմ վճարում կոմունալ ծառայությունների համար։ Այս ամիս այնպես ստացվեց, որ ավելի հարմար էր վճարել նախօրոք, ամսի 12-ին։ Վճարեցի բանկային ծրագրով (քանի որ իմ «սիրելի» բանկը առձեռն կոմունալ վճարումներ չի ընդունում, միայն կայքի միջոցով), որը բավականին անհարմար է, բայց այլ ճար չկա։ Մտա բանկի կայք, նայեցի պարտքերս, վճարեցի, վերադարձա գործերիս։

Ու սկսվավ...

3-4 օր զանգում են ՀայՌուսԳազարդից. «Դուք այս ամիս պակաս եք վճարել»։ Մտնում եմ բանկի ծրագրի մեջ, վճարածս 30+ հազար դրամը չգիտես ինչու «նստած է» որպես «սպասարկման» վարձ, փոխարենը բուն գազի համար պարտք եմ 35000 հազար դրամ։ Հաշվիս էլ այս ամիս 4100 դրամ էր մնացել, ասացի, որ երեք հարյուր դրամ պակաս կմուծեմ։ «Գազի տոտան» էլ թե. «Չէ, ձև չկա, պըտի լրիվը վճարեք, որովհետև մեր մոտ տենց ա, եթե 1 դրամ էլ պակաս եղավ, ծրագիրը չի ընդունում»։ Վերջը բարիշեցինք, որ պակասող 300 դրամը նա կվճարի, հետո մեզ չեկ կբերի, կվերադարձնենք այդ 300 դրամը։

Անցնում է մի քանի օր, նորից զանգ, այս անգամ՝ էլեկտրացանցից. «Պակաս եք վճարել»։ Ո՞նց թե։ «Հա, դուք հին տվյալներով եք վճարել, դրա համար էլ տարբերություն է ստացվել»։ Բա որտեղի՞ց էդ հին տվյալը։ «Տոներ էին, չենք հասցրել ժամանակին ցուցմունքները գրանցել, այդպես է ստացվել»։

Ու այստեղ պարզ դարձավ նաև գազի վճարի հարցը... Փաստորեն. ա. քանի որ Հայաստանում համարյա երկու շաբաթ Ամանոր էին նշում, բնական է, որ գազի ու լույսի մարդիկ էլ չէին աշխատում։ Ըստ այդմ էլ՝ ցուցմունքներն ուշ են գրանցել, ուշացումով էլ ուղարկել են «կամպուտռ» (բայց դե գազի տոտան հետս կռիվ անելու փոխարեն գոնե կարող էր իրական պատճառը բացատրել ու ընդունել, որ իրենց մեղքով էր)։ Լավ, դա հասկացանք։ Բայց անհասկանալի 2 հարց է մնում.

ա. Եթե վարձը գանձողի մեղքով է տվյալները սխալ գրանցվել, ապա բարի եղեք, սպասեք հաջորդ ամսվան։ Հա´մ վատ եք աշխատել, ձեր գործը նորմալ չեք պլանավորել, հա´մ էլ մուննաթ եք գալիս, հա´մ էլ ես պիտի հետո վազվզեմ, ժամանակ ծախսեմ, լրացուցիչ վճարեմ։

բ. Եթե ես նախանցյալ ամսվա պարտքերը վճարել եմ, ապա какого ху...дожника այդ նույն գումարները շարունակում են որպես պարտք ցուցադրվել բանկային վճարումների ծրագրում։ Ալո՞...

* * *

Այնպես ստացվեց, որ պիտի Կոնվերս բանկում հաշիվ բացեի։ Ժամը 16:15 Հանրապետության Հրապարակի մասնաճյուղում վերցրեցի հերթիս համարով տոմսը, սկսեցի սպասել։ Ժամը 18:00 այլ տեղ պայմանավորված էի, այնպես էի հաշվարկել, որ հանգիստ, առանց շտապելու (ավտոբուսով և ոչ թե տաքսիով), ժամը վեցին հասնեմ տեղ։ Երբ մտա բանկ հերթ չկար, 3-4 այցելու էր ընդամենը։

Անցավ 25 րոպե։ Սպասողները շատացան, բայց իմ տոմսի համարը էկրանին չերևաց։ Մոտեցա աշխատողներից մեկին, հարցնում եմ. «Ես ճի՞շտ ծառայության տոմս եմ վերցրել, պիտի հաշիվ բացեմ»։ Նայեց, ասաց, որ ճիշտ է։ Նորից հարցրեցի. «Իսկ դա նորմա՞լ է, որ ուզում եմ հաշիվ բացել և արդեն կես ժամ է սպասում եմ»։ Աշխատողը պատասխանեց. «Այո, նորմալ է, տեսնո՞ւմ եք ինչ հերթ է»։ Էլ չխորացա, որ երբ ես նոր էի եկել, դեռ հերթ չկար։ Սպասեցի... Հերթս հասավ 48 րոպեից (հա, արդեն րոպեներով հաշվում էի)։

Ընդանուր ձևակերպումը տևեց տաս րոպեից էլ քիչ։ Մինչ այս աշխատողը գրանցում էր տվյալներս, կողքի սեղանի մոտ երկու երիտասարդ աշխատող դեսից դենից էին զրուցում. ինչ-որ երգչի նոր կլիպից, նոր ավտոհամարանիշներից, իրար անեկդոտներ էին պատմում և այլն։ Արդեն բացարձակապես զարմանալի չէր սպասելս. եթե հաճախորդին սպասարկելու փոխարեն բանկի աշխատողները 10 րոպե հի-հի-հա-հա անեն, բնական է, որ ես էլ պիտի 48 րոպե սպասեմ։

Եթե բանկը 48 րոպե սպասացնում է մարդու, ով առաջին անգամ եկել է հաշիվ բացելու (ու մարքեթինգային պարզ նկատառումներից ելնելով բանկը պիտի ամեն գնով փորձեր այդ մարդու աչքին պրոֆեսիոնալ ու լուրջ երևար) ու թքած ունի իր թողած տպավորության վրա, ապա բնական է, չէ՞, որ պոտենցիալ հաճախորդը հաջորդ անգամ այդ բանկ չի գա։

Հ.Գ. Բանկից դուրս եկա արդեն հինգն անց, ժամը վեցին հանդիպման էլ ստիպված տաքսիով գնացի, մի քանի րոպեով էլ ուշացա։ Ու տենց...

азербайджан, война, армяно-азербайджанский конфликт, арцах

Previous post Next post
Up