Հում մտքեր մեր քաղաքակրթական հավակնությունների մասին

Mar 25, 2014 13:50


Քաղաքակրթական հավակնությունները հայերիս ինքնության մի կարևոր մասն են։ Ամեն անգամ, երբ 3-միլիոնանոց երկրի բնակիչը դժգոհում է, որ Երևանը զիջում է այսինչ կամ այնինչ գերտերության մայրաքաղաքին, ամեն անգամ երբ սկսում է թվարկել, թե հայերն աշխարհին ինչ են տվել («գունավոր հեռուստացույցը մենք ենք, մեեենք... բա էն բռնակներով ծորակները...»), և ընդհանրապես «նուպագաձին էլ է հայ» սինդրոմի բոլոր դրսևորումները, «աշխարհի առաջին քրիստոնյա պետություն» ասելն, այդ ամենը մեր քաղաքակրթական չբավարարված հավակնությունների դրսևորումներ են։

Ավելին՝ ինձ թվում է, որ առանց այդ քաղաքակրթական հավակնությունների մեր ինքնությունը կարող է արմատապես փոխվել, դառնալ ինչ-որ նոր (լավ-վատ՝ չգիտեմ, ուղղակի նոր) ինքնություն։

Ինչևէ, եթե այս իրողությանը գործնականորեն մոտենանք, ապա ի՞նչն է խանգարում մեզ փորձել դիրքավորվել (գոնե տարածաշրջանային մակարդակով) որպես կրթություն տալու և գիտելիքի արտադրության քաղաքակրթական գործառույթներ իրագործող։

Չնայած մեր կրթական համակարգի ներկա խայտառակ վիճակի, կարծում եմ, հիմքեր դեռ ունենք, որոնց վրա հնարավոր է տարածաշրջանային գիտակրթական համակարգ կառուցել (սկզբի համար՝ գոնե ազգագրական, պատմագիտական, լեզվագիտական ոլորտների համար)։

Ի՞նչ կասեք։

հայք, կովկաս, հայեր, դպրոց, գիտություն, կրթություն

Previous post Next post
Up