Չհերոսական պատմություն

Nov 08, 2013 20:26


Սպա է։ Առաջնագծի սպա. դիրքերում ծառայող, թշնամուն երբեմն 70-80 մետրից տեսնող, Աստված գիտի, թե քանի փոխհրաձգություններով ու կռիվներով անցած։ Բոյով-բուսով։

- Էդ գրաված տարածքները ուշ թե շուտ տալու են, - ասում է։

Իհարկե, կարող եմ խորանալ, պատմել «գրաված տարածքների» ռազմավարական բացառիկ նշանակության և դրանք հանձնելու անթույլատրելիության մասին, բայց գիտեմ, որ անիմաստ է։

- Էդ հողերից հիմա ընենց օգուտ են ստանում, ո՞վ ա գժվել հանձնի, - ասում եմ. - նոր ծանր տեխնիկա են բերել, գերմանական կոմբայններ են առել... - զրուցակիցս միանգամից ընդունում է այս փաստարկը։ Կարծրատիպերը լավ աշխատում են. առասպելական անդեմ «Նրանք»-ը (ով մեր երկրում որպես ամեն չարիքի աղբյուր է դիտարկվում), եթե մի տեղից օգուտ ունի, ապա պարզ է, որ երբեք չի հանձնի։

Փորձում եմ մի քայլ էլ անել...

- Գիտե՞ս ինչքան երեխա ա ընդեղ ծնվում։ Ընտանիքներ կան՝ 7-8-10 երեխա ունեն։

Բան չի ասում, մտածում է։ Հետո փորձում է հումոր անել.

- Ես ջոգեցի խիյա ըտենց. ընդեղ հիվանդանոց չկա, հա՞։ Դրա համար էլ հա՜ ունենում են։ - ծիծաղում է, բայց զգում է, որ ուրիշ ոչ ոք «հումորը» չգնահատեց։ Ես էլ՝ հասկանալով, որ անհույս է շարունակելը, թեման փոխում եմ...

Բայց չեմ ջղայնանում։ Որովհետև անիմաստ է։ Որովհետև վաղուց, դեռ 92 թվականից, լավ գիտեմ. կռվող լինելը դեռ չի նշանակում հայրենասեր, կամ գոնե գիտակից քաղաքացի լինել։ Գիտեմ, որ գաղափարապես կոփված, անձնվեր ու հայրենասեր մարդկանց կողքին նաև պատահական լիքը մարդ կար։ Ինչպես, օրինակ՝ բժիշկ լինելը չի նշանակում բարի սիրտ ունենալ։ Հա, շատ լավ է, երբ կռվողը հայրենասեր է, իսկ բժիշկը բարի մարդ է, բայց դե... Կարևորը, որ դիրքում սպա կա, կարևորը՝ իր գործն անում է մինչև գաղափարապես անթերի դիրքորոշում ունեցող հայրենասերները Երևանում են։

Ու տենց...

Ընկերանալ Ֆշտուկ


սահմանամերձ գոտի, մենք, ազատագրված տարածք, հայաստան

Previous post Next post
Up