Տավուշում, մաս Ա. Ներքին Կարմիրաղբյուր

Oct 29, 2012 16:31


Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար ու Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի դպրոցական գրադարանների համար գրքահավաքը հաջողությամբ ավարտվեց։ Բայց շարունակելու ենք գրքահավաքները ՀՀ սահմանամերձ ու Արցախի այլ բնակավայրերի համար։ Ավելին. գրքերը մի կողմ դրած՝ գյուղերում այնքան գործ կա անելու, ռուսների ասած «работы непочатый край»։ Ստորև՝ մանրամասն։

Տանելու համար հավաքվել էր մոտ 300 կտոր գիրք՝ հայ ու արտասահմանյան դասականներ (հայերենով), արկածային գրականություն, բառարաններ և այլն։ Բացի այդ հավաքված դրամով ամեն դպրոցի համար գնեցինք Հայկական սովետական հանրագիտարանի 13-հատորյակի մեկական կոմպլեկտ, ավելացրինք Բիլայնի տված գրքերից ու ճամփա ընկանք։

Առաջինը հասանք Ներքին Կարմիրաղբյուրի դպրոց։




Տավուշի ցանկացած սահմանամերձ գյուղ մտնելիս առաջինն աչքի են ընկնում տների պատերին գնդակների ու արկերի պայթյունների հետքերը՝ հին ու թարմ։ Դպրոցի լուսամուտները համեմատաբար նոր էին տեղադրվել, այդ պատճառով գնդակների հետքերը ապակիների վրա միանգամից աչք ծակեցին.








Ինչպես պատմեց տնօրենը, կրակել էին այս տարվա օգոստոսի 23-ին։ (Պատուհանի տակ պատի վրա խոշոր տրամաչափի գնդացրից կրակածի հետքը հին էր)։

Հետո բարձրացրինք գրքերը գրադարան։








Դպրոցը մասամբ վերանորոգված է, այսինքն որոշ մասեր նորմալ վիճակում են, բայց կան մասեր, որ վերանորոգման կարիք ունեն։ Գրադարանը, ցավոք, վերջինների շարքին է պատկանում։

Ի դեպ. կարմիրաղբյուրցի երեխեքը կարդացող են, ինչքան էլ դա տարօրինակ հնչի մեր ժամանակների համար։ Մի տարօրինակ բան էլ. 10-րդ դասարանցիները որոշել են Օդնոկլասնիկներում չգրանցվել, մինչև դպրոցը չավարտեն։

Գրադարանավարուհին պատմեց, որ աշխատում է այս դպրոցում դեռ 1990 թվականից, խոսեց պատերազմի ու նաև այսօրվա մասին։ Տեսագրել եմ. որակը շատ ցածր է (չէի նկատել, որ սխալ կարգավորումներ են խցիկում), բայց ձայնը նորմալ լսվում է։ «Գրքերը թերթելիս մեկ-մեկ բեկորներ են ընկնում կազմերի մեջից...»

image Click to view


Դպրոցի մարզադահլիճը նույնպես վերանորոգման կարիք ունի, բայց դպրոցի տնօրեն Իվան Ադամյանը պատմեց, որ մարզպետը խոստացել է հնարավորինս շտապ օգնել։ Մարզադահլիճը վերջերս անվանեցին ի պատիվ ծնունդով Ներքին Կարմիրաղբյուրից ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի։ Արսենը վերջերս գյուղում էր, ինչն ահագին ոգևորել է ժողովրդին։





Խոսելով դպրոցի տնօրենի ու Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ՝ եկանք այն եզրակացության, որ գյուղում պետք է ձյուդոյի խմբակ ստեղծել։ Մարզիչ կա Բերդ քաղաքում, ով կարող է շաբաթը երեք անգամ գալ գյուղ, երեխեքին մարզելու։ Դպրոցի երեխեքն ընդհանուր առմամբ լավ պինդ են. ֆիզղեկը դասերից դուրս նաև ատլետիկայով է զբաղվում երեխեքի հետ ու մարզային մրցումներին երեխեքը միշտ լավ տեղեր են զբաղեցնում ուժային զանազան վարժություններով։

Շարունակությունը՝ այսօր երեկոյան...

Ընկերանալ Ֆշտուկ


գյուղ, սահմանամերձ գոտի, մենք, գործողություն, տավուշ

Previous post Next post
Up