Պրոկրեդիտում ջղայնացրին

Oct 17, 2012 10:21


Այսպիսի միֆ կա, թե վճարումները բանկով անելն ավելի «ցիվիլ» է ու թե բանկերն ավելի հարմար են դարձնում մարդկանց կյանքը։ Ես, ճիշտն ասած, հիմնականում անհարմարություններ եմ տեսնում ու դրանց մասին լսում, ասենք՝ բանկային քարտն է «կուլ տալիս» կամ կորում ու ստիպված ես լինում լրացուցիչ վճարել քո վաստակած դրամը հանելու համար, կամ այլ բանկի բանկոմատով դրամ կանխիկացնելու համար ինչ-որ լրացուցիչ տոկոսներ ես վճարում և այլն։

Օրինակ՝ երեկ Պրոկրեդիտ բանկում ինձ հունից հանեցին մի այլ կերպ։ Օգտվում եմ այդ բանկից 2 տարուց ավելի։ Սկզբում գոհ էի ու բոլորին խորհուրդ էի տալիս։ Ամեն անգամ բանկ մտնելիս հիշեցնում էին, որ կոմունալ վճարները կարող եմ միանգամից հաշվիցս անել, այդպես ավելի հարմար է, և այլն, և այլն։ Համաձայնեցի։ Մի քանի ամիս շատ արագ ու նորմալ ամեն ինչ արվում էր։ Բայց վերջին 3-4 ամիսներին անընդհատ խնդիրներ են. հերթեր, կոմունալ վճարների փոխանցման իրենց ծրագիրը նորմալ չի աշխատում և այլն։ Անցյալ ամիս ստիպված եմ եղել 40 (!!!) րոպե հերթում սպասել, որպեսզի կարողանամ կոմունալ վճարներն անել։

Երեկ մտել էի, որ ա. դրամ հանեմ հաշվիցս, բ. կոմունալ վճարները մուծեմ, գ. 10000 դրամի փոխանցում անեմ։

Իրենց տեղերում նստած 5 աշխատողից միայն երկուսն էին սպասարկում հաճախորդների, մնացածն ինչ-որ այլ գործերով էին զբաղված։ Լավ, դեմ չեմ... Հարցրեցի, ասացին, որ պիտի սպասեմ, կանգնեցի սպասելու։ Անցավ 5-6 րոպե, աշխատողներից մեկն ասում է. «Գիտե՞ք, կոմունալ մուծումների ծրագիրը լավ չի աշխատում, ավելի լավ է մի սպասեք»։ Ջղայնացա, որովհետև առանց այն էլ շտապում էի, ու արդեն չէի կարող գնալ մեկ այլ տեղ վճարելու, բայց դե ինչ արած... Մոտեցա մեկ այլ աշխատողի, որն ազատ նստած էր, թե. ցանկանում եմ հաշվիցս գումար հանել։ Սա. «Ես գումար չեմ տալիս, սպասեք»։ «Իսկ փոխանցե՞լ»։ Թե բա չէ, էլի սպասեք։

Այստեղ արդեն լուրջ ջղայնացա ու բարձր ձայնով հարց տվեցի բոլոր ներկաներին. եթե բանկը, որի գոյության իմաստը (հաճախորդի տեսակետից) դրամի հետ գործողությունների հեշտացնելն է, ոչ միայն չի հեշտացնում, այլ բարդացնում է այդ գործողությունները, ապա բնական հարց է առաջանում. ո՞ւմ է պետք այդ բանկը։ Պատկերացրեք. ո´չ կարող եք ձեր սեփական դրամն արագ կանխիկացնել, ո´չ վճարել, ո´չ փոխանցել։ Էլ սրա բանկը ո՞րն է։

Դրանից հետո զարմանահրաշ կերպով պարզվեց, որ իրականում աշխատողներից մեկը կարող է ինձ առանց սպասեցնելու սպասարկել. և´ փոխանցում անել, և´ հաշվիցս դրամ տալ, և´ (ուշադրություն) պատրաստ է կոմունալ վճարներն էլ «փորձել անել»։

Հիմա մտածում եմ. ո՞ր բանկում հաշիվ բացեմ, որ ա. նորմալ ու արագ սպասարկի; բ. անկապ վճարներ չվերցնի (օրինակ՝ բանկային քարտի կամ internet banking-ի համար տարեկան վարձ)։ «Պրոկրեդիտում» ամենայն հավանականությամբ փակելու եմ հաշիվս։

Հ.Գ. Պարզվեց ունեի «անհամություններ» պիտակ բլոգումս։ Очень кстати.

Ընկերանալ Ֆշտուկ


անհամություններ

Previous post Next post
Up