Հետսեպտեմբերիքսանմեկյան գրառում (մաս Ա)

Sep 24, 2012 11:37


Ասել եմ ու կասեմ. սեպտեմբերի 21-ը պիտի լինի աշխատանքային օր։ Բացի աշխատելուց լավ կլինի նաև այդ օրը հետադարձ հայացք նետել, վերլուծել անցած ճանապարհի թե´ լավը, թե´ վատը ու որոշումներ ընդունել հետագա քայլերի և ուղղությունների վերաբերյալ։

* * *

Նախ՝ լավից։ Մի կողմ դնելով ՀՀ նախագահների ու իշխող վարչակարգերի հանդեպ անձնական սիմպատիաներն ու անտիպատիաները (ավելի ճիշտ՝ շատ ու քիչ անտիպատիաները, սիմպատիա որպես այդպիսին, ցավոք, չկա)՝ առաջարկում եմ նայել, այսպես ասած, по факту։

Այն դեպքում երբ.

Ա. 1991-2012թթ. մեր հարևան Վրաստանն անցել է թվով չորս պատերազմների և մեկ հեղափոխության (ավելի ճիշտ՝ հեղաշրջման) միջով։ Պատերազմներից մեկը քաղաքացիական էր, մնացած երեք պատերազմներում պարտվել է՝ կորցնելով վերահսկողությունը բավականին մեծ տարածքների վրա։ Ընդ որում այդ վերահսկողությունը կորցրել է եթե ոչ առհավետ, ապա գոնե տեսանելի ապագայում։

Բ. 1991-2012թթ. մեկ այլ հարևան Ադրբեջանն անցել է մեկ պատերազմի, և առնվազն չորս հեղաշրջումների ու խռովությունների միջով (Մութալիբովին պաշտոնանկ անելը, Սուրեթ Հուսեյնովի խռովությունը, որի շնորհիվ Հեյդար Ալիևը վերադարձավ իշխանության, թալիշների արագորեն ճնշված ապստամբությունը, Հուսեյնովի կողմնակիցների երկրորդ խռովությունը, որը անողոք ձևով ճնշվեց Ալիևվի կողմից)։ Պատերազմում պարտվել է, ու կորցրել վերահսկողությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքների մոտ 14.5 տոկոսի վրա։

Նույն այդ ժամանակամիջոցում Հայաստանը. ա. հաղթել է Ադրբեջանին արցախյան ազատամարտում; բ. խուսափել է քաղաքացիական պատերազմներից ու մեծ մարդկային կորուստներով խռովություններից (2008 մարտի մեկի դեպքերը՝ հարևանների մոտ եղածների համեմատ գրեթե աննշան իրադարձություն է)։

Բայց... վերոհիշյալ լավը «թու-թու-թու-աչքով-չտամ» կարգի է. այսինքն իրավիճակը վերջին 21 տարիների ընթացքում երբեք չի եղել այն աստիճան կայուն, որ հնարավոր լիներ հանգիստ խղճով ասել. «Տեսանելի ապագայում պատերազմ չի լինելու» կամ «Այս պահին Հայաստանին ոչ մի բան չի սպառնում»։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մենք միշտ եղել ենք կայունության եզրին՝ հիմնականում ծախսելով ռեսուրսները ոչ թե զարգացման, այլ այդ փխրուն հավասարակշռությունը պահելու վրա։

Ինչևէ, թեպետ իրավիճակը ցանկացած պահին կարող է փոխվել, այնուամենայնիվ համարում եմ, որ 21 (ավելի ստույգ՝ 18՝ 1994-ի հրադադարից սկսած) տարիների փխրուն խաղաղությունը՝ այդ տարիներին երկիրը ղեկավարած նախագահների և իրենց թիմերի շնորհքն է։ Այո, ասածս բոլոր իշխանական թիմերի մասին է։

* * *

Բ մասում կգրեմ Հայաստանի առջև ծառացած՝ ըստ իս ամենալուրջ խնդիրների մասին։ Իսկ ձեր կարծիքով որո՞նք են այդ խնդիրները։

Ընկերանալ Ֆշտուկ


հայք, պատերազմ, հայաստան

Previous post Next post
Up