Հանգանակություն Հարար գյուղի ականազերծման համար

Nov 13, 2017 06:48


The HALO Trust միջազգային նպաստամատույց կազմակերպությունը, որ աշխարհի տարբեր կետերում զբաղվում է մարդասիրական ականազերծմամբ, հայտարարել է հանգանակություն Արցախի Քաշաթաղի շրջանի Հարար գյուղի ականազերծման համար։ Անձամբ ինձ համար այս կազմակերպության ղարաբաղյան առաքելության արդյունավետությունն ու թափանցիկությունը կասկած չեն հարուցում։ Սեփական դատողություն կազմելու համար կարող եք ուսումնասիրել ինչպես կայքի համապատասխան էջաբաժինը, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներում կազմակերպության գործունեության մասին տարբեր ժամանակներում հրապարակված նյութեր (2014 թ․, 2016 թ․, 2017 թ․ և այլն)։ Կազմակերպության ղարաբաղյան առաքելության հրապարակած աղյուսակից երևում է 1995-2016 թթ․ ընթացքում Արցախում ականապայթյունների դեպքերի և դրանց հետևանքով գրանցված մարդկային կորուստների անընդհատ նվազումը, ինչը զգալի չափով հետևանք է նաև The HALO Trust-ի գործունեության։



Այժմ Հարար գյուղի մասին։ Ինչպես ասացի, Հարարը գտնվում է Քաշաթաղի շրջանում։ ԽՍՀՄ տարիներին այն Աշաղը Ֆարաջան (Ներքին Ֆարաջան) անվամբ գտնվում էր ԱդրԽՍՀ Լաչինի շրջանում։ Քարտեզին նետված պարզ հայացքը բավարար է հասկանալու համար, որ Հարարը գտնվում է Քաշաթաղն Արցախի բուն երկրամասի (mainland) հետ կապող ճանապարհի վրա։ Դեռ 1918 թ․ բախումների ժամանակ՝ մոտավորապես տարվա այս հատվածում՝ Անդրանիկի կիսկատար արշավանքից հետո, հարևան Պետրոսաշեն և Սպիտակաշեն գյուղերի հետ միասին Հարարը ենթարկվեց թյուրքական հարձակման, ինչի հետևանքով գյուղը մարդաթափ եղավ, և խզվեց Ղարաբաղի ու Զանգեզուրի միջև հաղորդակցային կապը։ Սովետական իշխանության տարիներին՝ մի որոշ շրջան, գյուղը հայտնի «պանադրբեջանցի» Միր Ջաֆար Բաղիրովի անվամբ կոչվել է «Ջաֆարաբադ»։



Մեջբերում ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի «Անդրանիկի ժամանակը» մենագրության երկրորդ գրքի մի ծանոթագրությունից (Երևան, 1996, էջ 457)․
  «Դիզակի Հարար հայկական գյուղը, որը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից գտնվում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, նշանակալի դեր է խաղացել Ղարաբաղ-Զանգեզուրի 1918-1921 թթ․ ազատագրական պայքարի ընթացքում՝ գաղտնի հաղորդակցության համար գլխավոր կամուրջ հանդիսանալով հայկական այդ երկու գավառների միջև։ 19-րդ դարի վերջին Հարարն ուներ մի քանի հազար բնակիչ, Հարավային Արցախի կրթության կարևոր օջախներից էր, որտեղ միջնադարում գրվել են արժեքավոր ձեռագրեր։ Գտնվելով տարանցիկ ուղիների վրա, գյուղը նաև առևտրի նշանավոր կենտրոն էր, ուներ ընդարձակ քարվանսարաներ, ուր իջևանում էին Պարսկաստանից Շուշի, Գանձակ և ավելի հեռուներ գնացող առևտրական քարավանները։ 1918 թ․ Հարարը ենթարկվեց թուրքերի հարձակմանը, ավերվեց, իսկ բնակչության մեծ մասը սպանդի ենթարկվեց կամ հեռացավ այլ վայրեր։ Գյուղում մնացին սակավաթիվ հայեր։ 1920 թ․ Դրոն և Նժդեհը ազատագրեցին Հարարը և Կոռնիձոր-Հարար-Խծաբերդ գծով Ղարաբաղը միացավ Հայկական Հանրապետությանը։ Խորհրդային իշխանության տարիներին ինչպես Ղարաբաղի շատ գյուղեր, Հարարը նույնպես թուրքացվեց և 1925 թվին Ղարաբաղի Հադրութի շրջանից հանվելով, մտցվեց Ադրբեջանի Լաչինի շրջանի մեջ։ Երկու հազարամյակ «Հարար» անունը կրած հայկական նշանավոր գյուղը 30-ական թվականներին վերանվանվեց Ջաֆարաբադ՝ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի նախկին քարտուղար Միր Ջաֆար Բաղիրովի պատվին, իսկ 1953 թ․ նրա մերկացումից, պաշտոնազրկումից և գնդակահարությունից հետո վերանվանվեց Աշաղա Փարաջան»։
Previous post Next post
Up