Dec 22, 2010 14:43
Փաստորեն օտարալեզու կրթությունը ավագ դպրոցներում թույլատրվեց:
Հիմա Ռուբեն Վարդանյանը էլ չի նեղանա հայ ժողովրդից և կվերակենդանացնի իր դպրոցի շինարարությունը` «ապագա տարածաշրջանային ֆինանսական մայրաքաղաք» (նաև իմ ծննդավայր) Դիլիջանում: Եվ այն «ֆինանսիստները», ովքեր մի օր բնակություն կհաստատեն իրենց «ապագա տարածաշրջանային մայրաքաղաքում», հիմա համապատասխան դպրոց կունենան իրենց էլիտար օտարամոլ տեսակը բազմացնելու համար:
Հաղթե՞ց, թե՞ պարտվեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը: Ձևական առումով իհարկե պարտվեց և չէր կարող չպարտվել խորհրդարանը ամբողջությամբ վերահսկող վարչախմբից: Ուրեմն ինչի համար էր այս շարժումը:
Նախ, դիմադրական բնույթի բոլոր շարժումները ծնվում են, որովհետև չէին կարող չծնվել: Այն առաջին հերթին բողոքի ձայն էր, որը չէր կարող չհնչել: Երկրորդը, շարժումը այնուամենայնիվ ստիպեց կառավարությանը որոշ զիջման գնալ: Վերջապես, արձանագրվեց ևս մեկ կարևոր գաղափարական հիմնադրույթ, որով իշխող վարչախումբը հակադրվում է սեփական ազգին: Ինչ նկատի ունեմ:
Եթե հիշում եք, շարժման սկզբում բոլորից բարձր հնչում էին նրանց ձայները, ովքեր սրա հետևում Մոսկվայի մատն էին տեսնում, իսկ օտարալեզու կրթություն ասելով ռուսական դպրոցներն էին հասկանում: Երբ պարզ դարձավ, որ կառավարության նպատակը ոչ թե բազմաթիվ ռուսական, այլ սկզբի համար մեկ արևմտյան տիպի, անգլերեն-ֆրանսերենով դպրոց բացելն է, ապա այդ «բարձր ձայների» մեծ մասը սկսեց ավելի ցածր հնչել, հետո էլ ընդհանրապես լռեց: Պարզվեց, որ բոլորը չեն, որ դեմ են օտարալեզու դպրոցներին: Կան այնպիսինները, որ ռուսական դպրոցներին դեմ են, որովհետև նախընտրում են արևմտյան դպրոցները: Ձևականորեն դեմ լինելով իշխանությանը, որը իրենց կարծիքով Ռուսաստանի խամաճիկն է, նրանք փորձեցին շահարկել նաև այս հարցը, բայց երբ ակնհայտ դարձավ, որ իրականում իրենց և վարչախմբի միջև գաղափարական տարաձայնություն չկա, սսկվեցին:
Շարժումը այդ պահից դարձավ հայերենը պաշտպանող, այլ ոչ թե ռուսերենից բողոքող շարժում: Երկրորդ նշանակությունը, որ ընթացքում ձեռք բերեց շարժումը, դա հանրակրթության, հենց հայերենով հանրակրթության ընդհանուր որակի բարձրացման պահանջն էր` բոլորի համար, այլ ոչ թե միայն իրենք իրենց «էլիտար» հայտարարող խմբերի:
Այսպիսով շարժումը հակադրվեց իշխող գաղափարախոսության երկու փոխկապակցված դրույթների: Դրանցից մեկը հանրային կյանքի դպրոցից սկսվող բևեռացումն է, իշխող փոքրամասնության էլիտարացումը և նրա համեմատ մնացած ժողովրդի ստորադասումը: Մյուսը` կրթամշակութային և լեզվամտածողական օտարամոլությունը օրինակելի, նախանձելի, էլիտար արժեքի վերածելը:
Կյանքը մեկը մյուսի հետևից ճշտում է այն գաղափարական հենքը, որով ընդհանրական ազգային շարժումը պետք է ճակատ կազմի և ի վերջո տապալի մեր կյանքում իշխող օտարամոլ և նյութապաշտ գաղափարախոսությունը և այն կրող քաղաքական վերնախավին: Եթե դա տեղի չունենա, ահա այդ պահին կպարտվեն այս «լեզվակրթական» շարժումն էլ, «ազատագրված տարածքների պաշտպանության» և «հայ-թուրքական փրոթոքոլների դեմ» շարժումներն էլ, և մյուս ընթացիկ ու ապագա շարժումներն էլ, որոնք քաղաքացիների ազգային մղումներից են ծնվում:
ընդդիմությունափոխություն,
դիմադրություն,
օտարալեզու դպրոցներ,
ազգային դաշտ