Հարցազրույց «Առավոտին»

Sep 10, 2010 22:21

Օրերս պատասխանեցի «Առավօտի» հարցերին:
Իրենք տեղադրեցին երկու մաս: Մեկը` ԼՂՀ անկախության և Ժառանգության օրինագծի, մյուսը` ռուսական ռազմակայանի և պատերազմի հավանականության մասին:

Իսկ ամբողջությամբ

  1. Հայաստանում ռուսական ռազմաբազաների երկարաձգումը իշխանությունները համարում են Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական նկրտումները զսպելու գրավական: Սակայն, վերջին օրերին էլ ադրբեջանական կողմը հետեւողական շարունակում է դիվերսիան ղարաբաղաադրբեջանակն սահմանում: Ինչի՞ կբերի այս ամենը:

    Ոչ ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետի երկարաձգումը, ոչ էլ Հայաստանի անվտանգությունը ապահովելու ՌԴ` այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունը չի ավելացնում Հայաստանի անվտանգությունը: Մասնավորապես և առավել ևս Արցախի անվտանգությունը:
    Նախ Ռուսաստանի համար Արցախը, գոնե ձևականորեն, ՀՀ տարածքը չէ և հետևաբար ինչ պարտավորություն էլ, որ Ռուսաստանը ստանձնի Հայաստանի վերաբերյալ Արցախին չի վերաբերելու: Երկրորդը, Ռուսաստանը որպես միջնորդ, որպես տարածաշրջանային հովանավորի դերին հավակնող պետություն, հայ-ադրբեջանական հարաբերություններում կողմնապահություն չի կարող դրսևորել և չի դրսևորելու:
    Փաստորեն, այսօր Ռուսաստանը, տարբեր գործողություններով, փորձում է բացառել հայ-ադրբեջանական մեծ պատերազմը, Բաքվի և Երևանի ռմբակոծությունը: Սակայն Արցախում տեղային պատերազմի սպառնալիքը ոչ միայն չի պակասել, այլև վերջին շրջանում կտրուկ ավելացել է: Նման պատերազմի կանխարգելմանն ուղղված հատուկ քայլեր Ռուսաստանը, կարծես, չի կատարում, եթե, իհարկե, այդպիսի քայլ չհամարենք սովորական զենքի և ռազմամթերքի պլանային մատակարարումները` պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն, երբեմն էլ անբավարար ծավալներով: Ի դեպ, որոշ համատեքստում այդ մատակարարումների ծավալի աճը կարող է մեկնաբանվել որպես Ռուսաստանի կողմից հայ-ադրբեջանական պատերազմի նախապատրաստություն, այլ ոչ թե կանխարգելում:
    Ռուսական ռազմական ներկայությունը որոշ դրական նշանակություն ունի Թուրքիայի միջամտությունը զսպելու հարցում: Սակայն այն չպետք է գերագնահատել: Հայաստանում առկա ռուսական զինուժը չի կարող դիմակայել մեր սահմանի երկյանքով տեղակայված թուրքական դաշտային բանակին, որն ունի ավելի քան 600 ժամանակակից տանկ և շուրջ 700 այլ զրահատեխնիկա, գումարած շուրջ 500 միավոր օդուժը: Միաժամանակ, ցեղասպանության մեջ մեղադրվող Թուրքիային, Հայաստանի վրա հարձակվելու համար, անչափ լուրջ առիթ է անհրաժեշտ, որը նրան “բարոյական իրավունք” կտա այդ ծայրահեղ քայլին դիմելու: Քանի դեռ նման առիթ չկա, նա չի կարող գործել, իսկ երբ այն հայտնվի, Ռուսաստանը մեզ ոչ միայն չի կարողանա, այլև չի ուզի պաշտպանել:
    Եթե անկախության առաջին տարիներին ռուսական դրոշակի առկայությունը մեր սահմանի վրա ժամանակավորապես հիմնավորված էր, ապա հետագա տարիներին Ռուսաստանի և այլ պետությունների հետ մեր ռազմական համագործակցությունը պետք է փորձեինք կազմակերպել առանց ռազմակայաններ տեղկայելու: Ցավոք այդ փորձը չարվեց և մենք շարունակում ենք զգալի չափով կախված մնալ ռուսական “բարեկամությունից”:
    Ոմանք համոզված են, թե այս պայմանագրի ժամկետի երկարաձգումը ավելի է գաղութացնում Հայաստանը, իսկ շտապողականությունը պայմանավորված է իշխող վարչախմբի մոտալուտ հեռացմամբ: Իսկ ես համոզված եմ, որ խնդիրն ընդամենը Ռուսաստանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները հավասարակշռելն է: Ս-300-ի վաճառքը Ադրբեջանին առաջին հերթին առևտրական շահ հետապնդող գործարք էր, Հարավային Կովկասում մեծ պատերազմը բացառելու համատեքստում, ինչը տրամաբանական դժգոհություն պետք է առաջացներ Հայաստանում: Ուստի ռուսներին պետք էր ինչ-որ կերպ ներողություն խնդրել Հայաստանից և հավաստիացնել մեր անվտանգությունը ապահովելու իրենց պատրաստակամությունը: Նրանք, ինչպես միշտ, ընտրեցին ոչ լավագույն ձևը: Թե պայմանագրի ժամկետի արտահերթ երկարաձգումը, և թե դրանում ՀՀ անվտանգությունը ապահովելու պարտականությունը ավելի շատ կասկածներ առաջացրին, քան հանգստացրին հայ հանրությանը:
    Ինչևէ, Ռուսաստանի հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները այնքան կարևոր չեն, որքան թվում են: Ադրբեջանում, օրինակ, համոզված են, որ Արցախյան պատերազմում իրենց պարտության է մատնել ոչ թե Հայաստանը, առավել ևս Արցախը, այլ Ռուսաստանը: Ուստի, երբ Մոսկվան Բաքվի հետ իր հարաբերությունները սկսում է ռազմավարական անվանել և նույնիսկ ժամանակակից զենք է վաճառում, նրանց թվում է, թե ռուսներն անցել են իրենց կողմը և ոգևորվում են: Հետո նորից հիասթափություն են ապրում, երբ իմանում են Գյումրիի ռազմակայանի ժամկետի երկարաձգման մասին: Երևանում հակառակ զգացումներն են առկա, որոնք նույնքան անհիմն են: Որքան էլ մենք ռուսներին չհավատալու և դժգոհելու առիթ ունենանք, մեր հարցերի լուծումը մեզանում պետք է փնտրենք:
    Իսկ իրավիճակը սրող գլխավոր հանգամանքը Ռուսաստանը չէ, այլտևական բանակցային փակուղին, որը Բաքվին կանգնեցրել է երկընտրանքի առջև: Բանակցությունների ընթացքում պաշտոնական Երևանը կարծես պատրաստ էր զիջելու, սակայն ադրբեջանական սպասելիքները չեզոքացվեցին պարտվողական քայլերի դեմ Հայաստանում առկա ներքին, բավականին հզոր դիմադրությամբ: Որերորդ անգամ ստորագրման փուլին խիստ մոտեցած բանակցությունները նորից սառեցվում են: Միջազգային հանրությունը ոչինչ չի պատրաստվում պարտադրել Հայաստանին: Ադրբեջանին մնում է մտածել ռազմական` խոշոր հաշվով խիստ անկանխատեսելի տարբերակի մասին: Առայժմ Բաքուն պատրաստ չէ պատերազմին, առաջին հերթին հոգեբանորեն, սակայն շատ մոտ է դրան, իսկ մինչ այդ փորձում է օգտագործել պատերազմի սպառնալիքը առանց պատերազմի իր հարցերը լուծելու համար: Դա մենք ամեն օչ զգում ենք շփման գծից ստացվող տեղեկություններում:
    Հայաստանում իշխող վարչախումբն էլ վախենում է և ամեն կերպ փորձում է խուսափել պատերազմից կամ գոնե հետաձգել այն: Ցավոք, անվտանգությունը ամրացնելու փոխարեն, նա փորձում է շարունակել զիջումների շուրջ բանակցությունները և պատերազմի սպառնալիքը փորձում է օգտագործել ներքին քարոզչությունում` ստիպելու համար ժողովրդին համակերպվել որոշ միակողմանի տարածքային զիջումների հետ: Սակայն հենց այդ քաղաքականությունն էլ դառնում է պատերազմի հավանականությունը մեծացնող գլխավոր գործոնը:

  2. Վերջերս ԱԺ “Ժառանգություն” խմբակցությունը արտահերթ օրակարգ է մտցրել ԼՂՀ անկախությունը ճանաչելու օրինագիծ: Նման օրինագծի ընդունումը ինչպե՞ս կանդրադառնա հետագա զարգացումների վրա:

    Ես շատ բացասական եմ վերաբերվում նման հեռանկարին և Արցախը Հայաստանից անկախ ներկայացնելու անհեթեթ և անիմաստ փորձերին: Սա մի թատրոն է, որը նախապես ենթադրվում էր, որ բեմականացնում ենք միայն արտաքին լսարանի համար: Հիմա հանդիսատեսը, մեր անտաղանդության վրա ծիծաղելով, վաղուց լքել է դահլիճը, իսկ մենք այնքան ենք մտել դերի մեջ, որ այն շփոթում ենք իրական կյանքի հետ ու չենք հասկանում, թե դրանով որքան ենք վնասում ինքներս մեզ:
    Նախ հաստատենք, որ 1991թ. Արցախը անկախացել է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից: Այսօր այս հաստատումը ոմանց կարող է զարմացնել, ուստի հիշեցնեմ, որ 1989թ դեկտեմբերի 1-ի որոշմամբ ԼՂԻՄ-ը արդեն միավորվել էր ՀԽՍՀ-ին և նրա հետ միասին էր անկախացել ԽՍՀՄ-ից: Այդ որոշումը բոլորովին էլ թղթի վրա չէր մնացել, այլ ամբողջությամբ իրագործվում էր, մասնավորապես Արցախի բոլոր մարմինները ենթարկեցվում են ՀԽՍՀ նախարարություններին, ձեռնարկությունները վերածվում են Երևանի մասնաճյուղերի: Մայիսին տեղի են ունենում ՀԽՍՀ ԳԽ ընտրություններ և դեռևս կոմունիստական իշխանությունները Արցախում ձևավորում են 12 ընտրատարածք, որտեղ ընտրված պատգամավորները այսպես կոչված ԼՂՀ անկախացման օրերին արդեն մեկուկես տարի պաշտոնավարում էին Երևանում և մյուս պատգամավորների հետ միասին ընդունել էին ՀՀ անկախության հռչակագիրը: Ի դեպ, ՀՀ ԳԽ այս կազմը փաստացի լեգիտիմ էր ճանաչված Մոսկվայի կողմից:
    Սուտ է այն պնդումը, թե Արցախի անկախության հռչակումը և դրան նվիրված հանրաքվեն անհրաժեշտ էին, որպես Արցախը Ադրբեջանից անկախանա ԽՍՀՄ գործող օրենսդրության տառին համաձայն: Նման օրենսդրություն չկար, իսկ ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեն այստեղ հիշատակելը ուղղակի խեղաթյուրում է:
    Բացարձակապես անհիմն է նաև այն պնդումը, թե եթե չլիներ Արցախի անկախացումը, ապա միջազգային հանրության աչքում մենք կվերածվեինք ագրեսորի, իսկ հիմա կարող ենք հղում կատարել ազգերի ինքորոշման սկզբունքի վրա: Իրականում ինքնորոշման սկզբունքը մենք ամբողջությամբ իրացրել էինք դեռ ԽՍՀՄ օրերին և դա փաստացի իրողություն էր: Իսկ միջազգային հանրության համար բացարձակապես մեկ էր, թե ԽՍՀՄ փլուզման պահին նոր պետությունները ինչ սահմաններով են անկախանում: Հենց ԼՂՀ անկախության հռչակագիրն էր միակ պատճառը, որ միջազգային հանրությունը Հայաստանը ճանաչեց 30 հազ.ք.կմ. տարածքով, իսկ Արցախը` Ադրբեջանի կազմում: Ինչը բնական է, քանի որ միևնույն է անկախ պետություն չէին ճանաչելու:
    Ես չգիտեմ, հասկանում էին արդյո՞ք այս ամենը 1991թ. Երևանում և Ստեփանակերտում, գուցե± սա դավադրություն էր կամ շտապողականության արդյունք: Սակայն այսօր էլ, երբ առկա են հետևանքները, երբ միջազգային հանրությունը հստակ ցուցադրում է իր արհամարհանքը այդ “անկախությանը”, իսկ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը հասել է սպառնալի չափերի, երբ մեր քաղաքական գործիչներին բացատրվել է սխալի էությունը և հետևանքները, նրանք շարունակում են խորացնել սխալը և նոր քայլերով էլ ավելի են բարդեցնում իրավիճակը:
    Ժամանակին, Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնում, մենք “Ժառանգություն” խմբակցության մի շարք պատգամավորների տվել ենք անհրաժեշտ բացատրությունները, հիմնավորումները և առաջարկություններ ենք ներկայացրել հատուկ այս հարցի հետ կապված: Մասնավորապես, նրանց ուշադրությունը հրավիրել էինք այն հանգամանքի վրա, որ Արցախում բնակվող և գրանցված ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ նախագահ և խորհրդարան ընտրելու իրենց սահմանադրական հիմնական իրավունքից և առաջարկել էինք զբաղվել այդ իրավունքը վերականգնելու խնդրով: Ինչպես նաև նրանց էինք առաջարկել մի ծրագիր, որով Արցախը աստիճանաբար կվերականգնվի իր բնականոն` ՀՀ մարզի կարգավիճակում, կվերացվեն 1989թ դեկտեմբերի 1-ին հակասող բոլոր ակտերը և արցախահայությունը լիարժեքորեն կներառվի ՀՀ հանրային կյանքում: Սակայն, թե “Ժառանգությունը”` կոնկրետ դեպքում, թե մյուս քաղաքական ուժերը` այլ առիթներով, շարունակում են խորացնել այս սարսափելի սխալը, տոնում են հայ ժողովրդի նորօրյա ինքնակամ պառակման ակտի` ԼՂՀ կեղծ անկախության հերթական տարեդարձը:
  3. Տարածաշրջանում հասունացող սրացումների ֆոնին հնարավոր համարո՞ւմ եք Ջավախքում կոնֆլիկտի առաջացումը, քանի որ հայաստանյան որոշ ուժեր համառորեն շարունակում են այդ ուղղությամբ “աշխատել”:

    Ջավախքում կոնֆլիկտը նոր չպիտի առաջանա: Այն առկա է և օրեցօր լուծվում է ի վնաս հայության և արդեն սպառնում է Ջավախքի նախիջևանացմամբ: Բնական է, որ ամեն պահի դանակը կարող է ոսկորին հասնել ու որոշ սրացումներ լինեն, սակայն չեմ կարծում, թե դա հայաստանյան ուժերի աշխատանքի արդյունքը կլինի:
    Իրականում ես շատ ուրախ կլինեի, եթե այդ ուժերը իսկապես “աշխատեին”: Սակայն նրանք հիմնականում զբաղված են ջավախքահայության` որպես Վրաստանի ազգային փոքրամասնության իրավունքները պաշտպանելով: Դա վատ չէ, սակայն անբավարար է, և ի վերջո հանգեցնելու է արտագաղթի, ժողովրդագրական պատկերի փոփոխության և ձուլման:
    Համոզված եմ, որ ջավախահայությունը սոցիալական վիճակը բարելավելու, ազգային փոքրամասնություններին հատկացվող բուհական տեղերից օգտվելու, վրաց հանրության մեջ ներառվելու /ինտեգրվելու/ խնդիր չունի, այլ նախևառաջ ուզում է սեփական հողում որպես հայ ապրել, ինչը անհնար է Վրաստան կոչվող փոքրիկ կայսրության պայմաններում:
    Եթե այդ կազմակերպությունները իսկապես ուզում են պաշտպանել ջավախքահայության պայքարը, ապա նախ ստիպված են պայքարել ներքին ճակատում, որպեսզի Հայաստանում վերջապես ձևավորվի այնպիսի կառավարություն, որը մինչև հիմա եղածների պես չի զոհաբերի ջավախքահայությանը հանուն Վրաստանի հետ կեղծ բարեկամության կամ շրջափակման սպառնալիքի դիմաց: Իսկ ջավախքահայության խնդիրներով մասնագիտացած որևէ կազմակերպություն դրանով կարծես չի պատրաստվում զբաղվել:
  4. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուրքիայի նախագահությունը ճակատագրական կլինի՞ ԼՂՀ հարցի համար:

    Չեմ կարծում, թե հերթափոխային պաշտոնները միջազգային մարմիններում որևէ առավելություն են տալիս այդ պաշտոնը վարող պետությանը իր քաղաքական նպատակները առաջ մղելու հարցում: ԼՂՀ հարցում ճակատագրական կարող են լինել միայն Հայաստանի քաղաքական ղեկավարության կայացրած որոշումները, այն էլ եթե դրանք ինչ-որ հնարքներով կարողանան հաղթահարել անխուսափելի ազգային դիմադրությունը:

Ժառանգություն, ԼՂՀ, Արցախ, անկախություն, անվտանգություն, ռազմաբազա

Previous post Next post
Up