Տրոյկա-դիալոգի Ռուբեն Վարդանյանն է ասողը.
Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Կարծում ենք, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների այս բարդ նախաձեռնության հաջող մեկնարկի և իրականացման համար, նույնիսկ պետության և հասարակության կողմից լիակատար աջակցության պայմաններում, հսկայական ջանքեր կպահանջվեն համոզել ծնողներին, որպեսզի որակյալ կրթություն ստանալու և բնակվելու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ և անսովոր մի երկիր: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում:
http://tert.am/am/news/2010/07/15/dilijan/ Հետո մարդն ասում է.
«Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների խնդիրը չափազանց կարևոր է և շոշափում է հանրապետության բոլոր քաղաքացիների շահերը, սակայն, մեր կարծիքով, այս օրենքի քննարկումը պետք է նոր թափ հաղորդի ավելի խորը բանավեճի` Հայաստանի ապագայի և համաշխարհային տիրույթում նրա տեղի մասին: Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն:
Սիրով պատասխանենք
Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ - Ոչ չենք ցանկանում բարգավաճել, ոչ գագիկծառուկյանական, ոչ ռուբենվարդանյանական, ոչ արևմտաեվրոպական, ոչ կալիֆոռնիական, ոչ էլ էմիրաթական կամ այլ տարբերակներով:
թե՞ ցանկանում է գոյատևել: - Իհարկե գոյատևելը ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրն է բազմաթիվ ժողովուրդների համար, որոնք դրանով նույնիսկ չեն էլ մտահոգվում: Իսկ Հայ ժողովրդի համար այն թեև ավելի բարդ է, բայց լուծելու հավանականությունը ավելի մեծ է, որովհետև այստեղ շատերը կան, որ ուզում են, որ Հայ ազգը գոյատևի:
Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, - բոլորովին չենք ձգտում, չենք ուզում խաղաղապահ ուղարկել Իրաք կամ Աֆղանստան, ոչ էլ ուզում ենք Եվրամիության կանոններով ապրել, տարածաշրջանի հարևաններն էլ աչքներիս լույսը չեն, դեռ որոշ գործընթացներից էլ, որոնցում հիմարաբար ներգրավվել ենք (ԱՀԿ, ՄԱՀ, ԵԽ), դուրս գայինք վատ չէր լինի:
թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա: - իհարկե նախընտրում ենք, որ օրենքներն ու կանոնները մերը լինեն, այլ ոչ պարտադրված, և մեզ ինչ, թե ուրիշի տանը ինչ է կատարվում, ով, ում հետ, ինչ է անում:
Այս երկու մոդելները գոյության իրավունք ունեն, սակայն նրանց միջև ընտրությունը պետք է կատարվի գիտակցված կերպով: Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ ազգի կատարած ընտրությունը հանգեցնում է որոշակի հետևանքների` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այս մոդելների վերլուծությունն առանձին և լուրջ խոսակցության առարկա է:
- Այո, գիտակցում ենք, վճարելիք գինն էլ պատկերացնում ենք ու վաղուց վճարում ենք ու դեռ երկար վճարելու ենք: Գիտենք, որ դուք, ձեր հայ և ոչ հայ գործընկերներով, վաղուց եք մեր ուղեղները հարդուկում` Ծաղկաձորում, մարզահամերգայինում, նույնիսկ մարզերում, տեղյակ ենք, որ ամեն տեղ ձախողվում եք ու չեք կարողանում էս հայերին «խելք սովորեցնել» ու երբեմն այդ հայերն են ձերուղարկած փորձագետներին խելք սովորեցնում:
Ոչինչ, կրկին փորձեք:
Հ.Գ.
Այս մարդու ասածից ստացվեց, որ Դիլիջանի դպրոցը հիմնականում օտար կամ սփյուռքահայ երեխաների համար էր: Խեղճերը նրանց ուզում էին Հայաստան բերել, որ հայերեն սովորեցնեին, իսկ մենք խանգարեցինք: Հիմա սրանց ասե՞նք, որ դրա համար օրենք փոխելու կարիք չկար, թե՞ թող չիմանան` շառից, փորձանքից հեռու: