Jul 03, 2010 15:53
Լրանում է Հայաստանի երրորդ հանրապետության սահմանադրության 15 ամյակը: Դրան նվիրված հանրաքվեն կասկածելի էր: Էլ ավելի կասկածելի էր ավելի ուշ կայացած սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն: Բայց դա չէ էականը, այլ այն, որ 15 տարին բավականաչափ ժամանակ է տեսնելու համար այդ սահմանադրության սնանկությունը, անհամամապատասխանությունը, անպիտանությունն ու նույնիսկ վնասակարությունը:
Դրա պատճառն այն չէ, որ 1995-ին սահմանադրությունը կարվում էր Տեր-Պետրոսյանի հագով, և ոչ էլ այն, որ տաս տարի անց այն վերաձևվեց Քոչարյանի չափերով, այլ այն, որ երկու դեպքում էլ նմանակվեց սահմանադրական եվրոպական նորաձևությունը, մոռանալով կամ չկարևորելով ինքնակազմակերպման ազգային առանձնահատկությունները և պետականաշինական խնդիրները:
Այսօր սահմանադրության հետ կապված առկա է երեք տեսակի քննադատություն: Մեկը ընդունում է առկա սահմանադրության քիչ թե շատ նորմալ լինելը և մեղադրում է կառավարությանն այն հետևողականորեն ոտնահարելու համար: Երկրորդը եղածի մասնակի բարեփոխման հարցեր է առաջ քաշում` սկսած լիազորությունների վերաբաշխումից և վերջացրած անցումով խորհրդարանական հանրապետության կաղապարին: Վերջապես երրորդ քննադատությունը դիպչում է եվրոստանդարտ սահմանադրության հիմնարար սկզբունքներին և փորձում է ձևակերպել այլընտրանքային սկզբունքներ, որոնք ավելի կհամապատասխանեն Հայ ազգի բնական կառուցվածքին և փոխհարաբերությունների բնույթին, արդարության և բարոյականության մասին գորիշխող պատկերացումներին, ինչպես նաև արդի պայմաններից բխող խնդիրներին: Հայտնի է, որ ես քննադատողների երրորդ տեսակին եմ պատկանում: Եվ «չորրորդ հանրապետություն» ասելիս հենց սահմանադրության հիմքում դրված գլխավոր սկզբունքների վերանայումը նկատի ունեմ:
Մատենավար ընկերներին վաղուց խոստացել էի կենդանի հանդիպում կազմակերպել և ավելի մասնրամասն ներկայացնել ազգային պետականաշինական վերափոխումների մեր նախագիծը, որը կարելի է կոչել «Չորրորդ հանրապետության սահմանադրություն»: Եթե դեռ ցանկացողներ կան ու այդ ցանկությունը կհաստատեն այս գրառման մեկնաբանություններում, ապա պատրաստ եմ դա կազմակերպել առաջիկա շաբաթվա ընթացքում: Մի օրում թեման հաստատ չենք սպառի, բայց շարունակությունը կախված կլինի առաջին օրվանից:
Ինչ եմ փորձելու ներկայացնել:
1. Ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրությունը, որպեսզի այն իրավունք ունենանք կոչել ազգային և արդյո՞ք անհրաժեշտ է, որ սահմանադրությունը կամ պետությունը լինեն ազգային:
2. Ազգային պետությունը որպես վերացական պետության և «պետության վախճանի» այլընտրանք:
3. Առկա սահմանադրության հիմքում առկա չորս սկզբունքներ և դրանց առաջարկվող այլընտրանքները ազգային պետության կաղապարում
· Մրցակցություն - համագործակցություն
· Իրավունքի գերակայություն - պարտականության գերակայություն
· Քաղաքացիակենտրոնություն - ընտանեկան և համայնքային քաղաքացիություն
· Իշխանական բուրգ - բազմաշերտ ինքնավարությունների ցանց
4. Փոփոխված սկզբունքների կիրառության օրինակներ քաղաքական, տնտեսական, դատական և այլ համակարգերում
· Անկուսակցական, անընդհատ, բազմաշերտ, չմիջնորդավորված ժողովրդավարություն
· Տնտեսության երեք շերտերը և սեփականության երեք ձևերը, ձեռներեցությունը և մրցակցությունը ոչ մրցակցային տնտեսությունում
· Ընտանեկան և համայնքային պատասխանատվությունը իրենց անդամների վարքի համար և նրանց դատելու առաջնային իրավունքը
5. Պետական մարմինների մոտավոր կառուցվածք
· Բազմապալատ կոնսենսուսային խորհրդարան
· Համակարգող նախարարների խորհուրդ
· Ինքնակառավարվող բնագավառներ
· Քաղաքացիական մասնակցությունը ուղղաձիգ կառավարվող բնագավառներում
· Համայնքային ինքնավարության և տարածքային կառավարման փոխհարաբերությունը
6. Ընտրանի ձևավորող մեխանիզմները, դրանց առանձնահատկությունները և առավելությունները
7. «Չորրորդ հանրապետությանը» անցնելու եղանակները
Բայց սա միայն եթե ցանկացողներ լինեն:
Առաջին հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ, որևէ երեկո, Խանջյան փողոցի վրա: Մասնակցել ցանկացողներին խնդրում եմ գրանցվել այս գրառման մեկնաբանություններում: Նշեք` եթե օրվա կամ ժամի հետ կապված սահմանափակություններ ունեք, որից հետո ես կնշեմ ճշգրիտ տեղը, օրը և ժամը:
սահմանադրություն,
Չորրորդ հանրապետություն