Վերջին մեկ շաբաթում ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին տեսանք Մարզահամերգային համալիրում, նախագահական նստավայրում և «Անի» հյուրանոցում։
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Ռուստամյանը ՄՀՀ-ում մասնակցում էր ՀԱԿ համագումարին, Բաղրամյան 26-ում հանդիպում էր Սերժ Սարգսյանի հետ, իսկ «Անի» հյուրանոցում ներկա էր Րաֆֆի Հովհաննիսյանի «հանրահավաքին»։
Նկատենք, որ այս երեք տարբեր առիթներով Ռուստամյանի հայտնվելը չի կարող լրատվական հոսքերում հարցեր
չառաջացնել։
Եթե ՀԱԿ համագումարում ելույթ ունենալը և ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի դեմ պայքարի կոչ անելը, ինչպես նաև Տիգրան Սարգսյանի վարչապետ մնալու դեմ Սերժ Սարգսյանին փաստարկներ ներկայացնելն ամբողջությամբ տեղավորվում են ՀՅԴ-ի առողջ թևի որդեգրած գծի և անձամբ Արմեն Ռուստամյանիմոտեցումների մեջ, ապա անհասկանալի է, թե ինչ էր անում նույն Ռուստամյանը Րաֆֆու հավաքին և ինչու էր այնտեղ ելույթ ունենում։
Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Րաֆֆու հավաքին մասնակցելն ու քաղաքական մենաշնորհը ջարդելու կոչ անելը նույնն է, թե Արտաշես Գեղամյանի գլխավորած կուսակցության համագումարին մասնակցես ու դժգոհես քաղաքական դաշտի «ժողգործիքներից»։
Այսօր անգամ դպրոցականներին է տեսանելի, որ Րաֆֆին ու իր շուրջը հավաքված քաղաքական դաշտի արտադրական թափոնները լծվել են ՀՀԿ-ի օգտին գեղամյանություն անելու գործին։ «Անի» հյուրանոցում գաղջ մթնոլորտ էր, քանզի ելույթ ունեցողների մեծ մասն ընդդիմադիր հագուկապով Սերժի համար հաճախորդություն էր անում։
Գաղտնիք չէ, որ ԱԺ ընտրություններից սկսած՝ «Ժառանգությունն» ամեն ինչ անում է, որ Սերժ Սարգսյանը մնա իր աթոռին, և Հայաստանում է՛լ ավելի խորանա քաղաքատնտեսական մենաշնորհը։ Նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողներին խաբեցին, թե հնարավոր է, հիմա էլ նույնն են անում՝ իշխանության «ողջախոհ» երիտթևի մոլի երկրպագու Արմեն Մարտիրոսյանին Երևանի ապագա քաղաքապետ հռչակելով։ Րաֆֆու խնդիրը, ըստ այդմ, հանրային ուշադրությունը շեղելն ու իշխանությունից փշրանքներ փախցնելն է։ Պաշտոններ ստանալը չհաջողվեց, հիմա փորձում են Տարոն Մարգարյանի թիկունքն ապահովելու գործի դիմաց մի բան ստանալ։
Ռուստամյանն այս մասին շատ լավ գիտի ու չի կարող չնկատել, որ Րաֆֆու թիմը, ինչպես միշտ, որևէ թթու խոսք չի ասում Սերժի ու նրա նշանակած Տարոնի հասցեին և շարունակում է թիրախ դիտարկել ոչ թե ՀՀԿ-ին, այլ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին ու երբեմն նաև ՀՅԴ-ին։
Ապրիլի 9-ից երեք օր անց տեղի ունեցած սակավամարդ և «դիակի» թաղում հիշեցնող հանրահավաքում Րաֆֆին չխուսափեց անգամ իր կողքը կանգնած Ռուստամյանի ուղղությամբ քարեր նետելուց։ Այս պայմաններում եթե ՀՅԴ-ի ներկայացուցիչը հա՛մ մասնակցում է ՀՀԿ-ի մենաշնորհի դեմ պայքարի պատրաստ ուժի համագումարին, հա՛մ ՀՀԿ-ին գեղամյանաբար ծառայող ուժի դահլիճային «հանրահավաքին», ապա հարց է առաջանում, թե ո՞ր ճամբարում է գտնվում դաշնակցությունը։
Հնարավոր չէ «և-և» տարբերակով շարժվել առանց այն էլ Բաղրամյան 26-ի կողմից լղոզված քաղաքական դաշտում։ Պետք է ընտրել «կամ-կամ» տարբերակը։ Կա՛մ քաղաքատնտեսական մենաշնորհին դեմ ես, հետևաբար չես կարող լինել Սերժի «ժողգործիքների» կողիքն, կա՛մ կողմ ես Սերժի մենաշնորհին, բայց այդ դեպքում պետք է ազնվություն ունենաս և հայտարարես այդ մասին, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ճանապարհ գնալը հարցեր չի առաջացնի։
Մի խոսքով՝ՀՅԴ-ն պետք է կողմնորոշվի։ Որքան շուտ, այնքան լավ և՛ իր, և՛ ընտրողների համար։
Կորյուն Մանուկյան
http://7or.am/