Միքայել եպս. Աջապահյան. «Եթե վատ երեւույթներ կան մեր բանակում, չի նշանակում, որ դա մեր բանակը չէ»

Jan 27, 2012 18:59

Բանակի 20-ամյակին ընդառաջ՝ զինված ուժերի կարեւորության, բանակում տիրող ամենաթողության ու բանակն ավելի լավը տեսնելու հարցերի շուրջ զրուցեցինք Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:

-Սրբազան, որպես հոգեւորական՝ Դուք ինչպե՞ս եք գնահատում բանակի դերը մեր պետության համար:

-Առանց բանակի պետություն չկա: Բանակն է, որ պետության երաշխավորն է, հետեւաբար հայոց պետության ողնաշարն է բանակը:

-Վերջին շրջանում բանակում տիրող ամենաթողության մթնոլորտը, սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը հանրության ուշադրության կենտրոնում են: Ի՞նչ կասեք այս մասին:

-Չի կարելի ամենաթողությունը վերագրել ամբողջ բանակին, ամբողջ բանակային կառուցվացքին: Անշուշտ դա ցավ է, ողբերգություն է եւ այդպիսի բաները անթույլատրելի են: Բայց վերագրել ողջ բանակին, չեմ կարծում, որ ճիշտ է: Պետք է այնպես անել, որ նման բաներն ի սպառ բացառվեն, ոչ թե նվազագույնի հասցվեն: Զինվորը բանակում պիտի զոհվի հերոսի մահով, որեւէ այլ մահ չպիտի լինի այնտեղ: Դրա համար, կարծում եմ, որ բանակի ղեկավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի այդ ամենաթողությունը վերանա: Եւ միշտ ի մտի պետք է ունենալ, որ այդ հիվանդությունը ժառանգել ենք խորհրդային բանակից եւ, ցավոք, որոշ արատներ ժառանգական կերպով փոխանցվել են հայոց բանակին: Դրանցից պետք է ի սպառ ձերբազատվել: Այդ ոչ կանոնակարգային փոխհարաբերությունները զինվորների միջեւ չպետք է լինեն:

-Այդ ուղղությամբ կոնկրետ եկեղեցին ի՞նչ քայլեր է կատարում:

-Եկեղեցին կերտում է քրիստոնյա զինվոր, իսկ քրիստոնյա զինվորը չի ստորացնում իր եղբայր զինվորին, այլ պաշտպանում է նույնիսկ իր կյանքի գնով: Ուրեմն՝ եթե քրիստոնյա զինվոր է պատրաստում եկեղեցին, նշանակում է՝ այդ արատները կվերանան: Միաժամանակ պետք է նշեմ, որ բանակը թեմական կառույց չէ: Բանակով զբաղվում է առանձին հոգեւոր առաջնորդություն՝ առանձին հոգեւոր առաջնորդով, ով նշանակում է հատուկ բանակային սպասավորներ այս կամ այն զորամասի համար եւ ինքն էլ վերահսկում է նրանց աշխատանքը: Հետեւաբար, որեւէ թեմական առաջնորդ ամբողջ խորությամբ տեղյակ չէ եկեղեցականի՝ բանակում կատարած աշխատանքին: Դա արտաթեմական կառույց է: Օրինակ, ես Շիրակի թեմի տարածքում եղած զորամասերում շատ հազվադեպ եմ լինում, որովհետեւ այդ ծառայությունը՝ զորամասի հետ աշխատանքը, իմ ոլորտը չէ, որքան էլ որ այցելում եմ:

- Իսկ ինչքանո՞վ եկեղեցին կարող է կանխել բացասական երեւույթները :

-Այն, որ այսքան թվով սպանություններ կամ ինքնասպանություններ են եղել բանակում, չի նշանակում, որ եկեղեցին թույլ է աշխատել: Շատ հնարավոր է, որ շատ ավելի սպանություններ ու ինքնասպանություններ կարող էին լինել, որ չեղան, որովհետեւ բանակում հոգեւորականներն ակտիվ աշխատանք տարան, թեեւ դա բավարար չէ, անշուշտ, երբեք բավարար չէ: Բայց այն, որ բանակում հոգեւորականներ են ծառայում, սպասավորում են զինվորների եւ սպայական կազմի հետ, ես կարծում եմ, որ շատ ավելի կանխարգելիչ նշանակություն ունի եւ շատ ավելի բացասական երեւույթներ կանխվում են, բայց եկեղեցու աշխատանքը չի երեւում հաճախ:

-Դուք ունե՞ք այս վիճակը փոխելու Ձեր առաջարկը կամ ուղին:

-Եթե ամեն մի զորամասում մշտապես լինի հոգեւորական եւ այդ հոգեւորականին հաջողվի յուրաքանչյուր զինվորի ու սպայի մոտ ստեղծել քրիստոնյային վայել կերպար, չի լինի ոչ մի սպանություն, ոչ մի ինքնասպանություն, չեն լինի ոչ կանոնակարգային հարաբերություններ, չի լինի ծեծկռտոց: Մի մեծ ծրագիր պետք չէ դրա համար, ուղղակի պետք է լինել քրիստոնյա, զինվորն էլ պետք է լինի քրիստոնյա, սպան էլ:

-Իսկ այս հարցում ինչքա՞ն է ընտանեկան դաստիարակության չափաբաժինը:

-Անշուշտ, այն կապ ունի եւ ընտանեկան եւ փողոցի եւ դպրոցի դաստիարակության հետ: Հո էդ զինվորը ինկուբատորում չի բուծվում:

-Բանակի տարելիցը, անշուշտ, համազգային տոն է, եւ այս առիթով կցանկանայի նաեւ լսել Ձեր շնորհավորական խոսքը:

-Ես շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ մեր բանակով: Եթե վատ երեւույթներ կան մեր բանակում, չի նշանակում, որ դա մեր բանակը չէ: Հետեւաբար մենք պետք է գուրգուրենք, փայփայենք, մեծացնենք , առողջացնենք, հզորացնենք մեր բանակը: Դարերի ընթացքում տուժել ենք բանակ չունենալուց եւ կերակրել ենք օտարների բանակին: Հիմա ամեն ինչ պետք է անենք մեր բանակը կերակրելու համար, կերակրել ոչ միայն նյութական, այլ հոգեւոր, բարոյական իմաստով, այլապես, Աստված մի արասցե, մի օր դարձյալ ստիպված կլինենք օտար բանակ կերակրել:

Զրուցեց Մարինե Պետրոսյանը
www.asparez.am


Previous post Next post
Up